«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին, կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումներով, տրամադրվել ենհամապատասխանաբար 10.0 մլն ԱՄՆ դոլար և 24.6 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային վարկեր: Այս գումարները ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կողմից ուղղվել են <<Արցախի ներդրումներ>> Հիմնադրամի վերավարկավորմանը: Տրամադրված վարկերի դիմաց, որպես հիմանական գումարի մարում, 2016թ. ընթացքում ՀՀ պետական բյուջե պետք է վճարվի 5,441,277 ԱՄՆ դոլար: Սակայն այդ գումարը ԼՂՀ կառավարությունը չի վերադարձրել:
Բացի այդ՝ ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 376-Ն որոշման հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրվել է 20.0 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային վարկ, որի դիմաց 2016թ. ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պետք է իրականացվեր 5.0 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկի հիմնական գումարի մարում: Սակայն, ինչպես վերը հիշատակված երկու վարկերի դեպքում, այս դեպքում ևս, 2016 թվականի հունիսի 15-ի դրությամբ, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վճարումներ չեն իրականացվել, որի արդյունքում ժամկետանց վարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է 4 մլն 317 հազար ԱՄՆ դոլար:
Ընթացիկ տարվա հունիսի 1-ին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և առաջարկել նշված վարկերի գծով 2016թ. ընթացքում մարման ենթակա գումարների մարման ժամկետները հետաձգել՝ մարումները նախատեսելով 2017 թվականից սկսած՝ հավասարաչափ մարումներով իրականացնելու պայմանով:
Միաժամանակ Արցախի վարչապետն առաջարկել է դադարեցնել վարկային պայմանագրերով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար 2016 թվականի մարտի 1-ից մինչև որոշման ընդունման օրը հաշվարկված տույժերի ու տուգանքների զրոյացնել՝ պարտքը ներելու միջոցով:
ՀՀ կառավարության հուլիսի 7-ի նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի հիման վրա մշակված «Տրամադրված բյուջետային վարկի մարման ժամկետում փոփոխություն կատարելու թույլտվության մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է թույլատրել Հայաստանի ֆինանսների նախարարությանը «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև նախկինում կնքված վարկային պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ՝ վարկի վճարումը հետաձգել, իսկ տույժ-տուգանքները ներել:
Դավիթ Մանուկյան
Այս նյութը դիտել են - 1320 անգամ