Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով իրենց օրակարգը շարունակում է մնալ նույնը՝ դա արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելն է: Այդ մասին «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարը հայտնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հավաքին: «Իրավիճակի գնահատականների հետ կապված, բոլորիս համար ամեն ինչ պարզ է:
Հերթական անգամ ապացուցվեց, որ ընտրությունների միջոցով դրական արդյունքի հասնել հնարավոր չէ: Բոլորի համար պարզ է, որ միակ ուղին ընդվզման ուղին է: Քիչ առաջ առաջարկեցին նոր տարին անցկացնել այստեղ՝ Ազատության հրապարակում, մեր ընտանիքներով, շատ լավ գաղափար է, կարծում եմ այդպես էլ կվարվենք»:
Ժիրայր Սեֆիլյանը տեղեկացնում է նաև, որ իրենք շատ կարևոր որոշում են կայացրել. «Առաջիկա ժամանակներում մեր կողմից կազմակերպվելիք հանրահավաքների բովանդակությունը հանձնում ենք երիտասարդությանն ամբողջությամբ:
Մեր խնդիրն է առաջիկա օրերին մեր երիտասարդության միջոցով ձևավորել այնպիսի մթնոլորտ, որ մեր ժողովրդի բոլոր շերտերի ներկայացուցիչները լինեն այս հրապարակի բնակչությունը: Մեր երկիրը ոտքի հանելու խնդիրը մեր պարտականությունն է, մեր խնդիրը մենք ենք լուծելու»:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1879 անգամ