ՀԱՎԱՏՈՒ՞Մ ԵՄ ԵՍ ՄԱՐԴՈՒՆ, ԱԽԱՐՀԻՆ…
2016-07-08 23:33:00

Իմ սուրբ հավատը… Սիրում եմ նրան երբեմն նույնիսկ, երբ հուսահատված, ցնցումից հետո նոր ուշքի եկած, բացում է հանդես, սիրով գեղգեղում, իր անուշաբույր և թովիչ ձայնով հոգիս է գրկում մեղմիվ շոյանքով և կամ տխրամած, գգվող հայացքով, խենթացած հոգով լուսե մի սիրուն կյանք է երազում:

Ես հավատում եմ լուսավոր օրվան, որ պիտի բացի նոր արշալույսներ, ես հավատում եմ մարդու երդումին, երբ գիտեմ նույնիսկ սուտն է բարբառում խրախճանքի մեջ, երբեմն ցավոտ մտքերս խառնում, չի թողնում նույնիսկ հավատից խոսեմ:

  Մի  փոքրիկ  հավատ,  որ  ինձ  հետ   է  միշտ,  բայց հավատն ի՞նչ  է, երբեմն   նույնիսկ   խաբված  եմ լինում, բայց հավատում եմ, որ  իբր  ոչինչ չի եղել կարծես:    Երբեմն ուրախ, երբեմն տխուր  թռչկոտում   է  նա,  թախծոտ  օրերիս  գրկում եմ նրան անափ կարոտով, փայում-փայփայում, որ  նա չհանգչի,  չեմ ուզում ապրել մարած  հավատով: Ուզում եմ մարդուն տեսնել  անարատ, հպարտ  քայլվածքով, հավատով  լցված, երբեմն սուտը  հերքել  եմ ուզում, որ  ապրեմ խաղաղ  խառը  մտքերիս  հարածուփ  ծովում:

Ափսո՜ս, իմ հավա՛տ…Արևոտ լեզվով խոսում եմ կամաց, կարոտս նորից հևում է հանդարտ, մի տխուր հավատ դողում է հանկարծ, թևաթափ հոգիս գգվում է նրան, որ չանշնչանա, չմարի անձայն: Մաքուր հավատս լռում է հանկարծ, կեղծիքի կողքին մի բուռ է դառնում, համրանում նույնիսկ, չի ուզում անգամ իր լեզվով խոսել: Նա միշտ ինձ հետ է՝ իր կողքին պահած մի կտոր կարոտ ու մի կտոր հույս, մենությանս մեջ լռին ու անձայն, մեղմիվ շոյանքով գրկում է ինձ, լռության ձայնն էլ՝ հոգուս հարազատ, հեքիաթ է հյուսում տխրամած ու հեզ հավատիս մասին՝ մի կտոր դարձած:

Նատաշա Պողոսյան

Արցախի վաստակավոր մանկավարժ,

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի

հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Այս նյութը դիտել են - 1475 անգամ