Մարգոն սուրբ առաքելություն է ստանձնել՝ ամեն գնով պաշտպանել յուրաքանչյուր բան, որն իշխանական պիտակ ունի...
2016-07-11 11:03:00
Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակել էր ՄԱԿ-ի 2016թ. հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում մարտ ամսի դրությամբ ապրում է 2 միլիոն 994 հազար մարդ: Նախորդ տարվա համեմատ մեր ցուցանիշները զգալի նվազում են արձանագրել, ինչն էլ արտագաղթի տեմպերի պահպանման վկայությունն է: Հասկանալի է, որ սա լավ օրից չէ, և հասկանալի է նաև, որ անպայման մեղքի իրենց բաժինն ունեն իշխանությունները:
Բայց իշխանության շարքերում քիչ չեն նրանք, ովքեր պատրաստ են դժոխքի դռանն էլ «Դրախտ» ցուցանակ փակցնել, միայն թե հակառակը պնդեն: Դրանցից մեկն էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն է, ով սուրբ առաքելություն է ստանձնել՝ ամեն գնով պաշտպանել յուրաքանչյուր բան, որն իշխանական պիտակ ունի: Եվ ահա այդ կույր ֆանատիզմով հիվանդացած, նա հիմա էլ պնդում է, որ խոսքը արտագաղթի մասին չէ, այլ տեղաշարժի, և որ մարդու` այլ տեղում ապրելը կամ աշխատելը տվյալ մարդու որոշումն է: «Նույնիսկ զարգացած եվրոպական երկրներում քաղաքացիները տեղաշարժվում են, գնում են այլ երկրներ: Դա մարդաթափում չէ, դա տեղաշարժ է, մարդիկ գնում են` այլ տեղերում ապրելու, աշխատելու»,- ասում է պատգամավորը: Ըստ նրա, «իշխանությունների մեղքով» ասվածը շատ հարաբերական է: «Մարդկանց` այլ տեղ ապրելու և աշխատելու իրավունքը համամարդկային իրավունք է»,- պնդում է տիկին Մարգարիտը:
Քաղաքական դեմագոգիայի այս գռեհիկ դրսևորման թիկունքում մեկ այլ տեղաշարժ կա, և այդ շարժը կատարվել է պատգամավոր Եսայանի գիտակցության մեջ: Մարդկանց ողբերգության շուրջ նման ցինիկ դատողությունները չեն կարող ծնունդ առնել առողջ բանականության պայմաններում: Եվ այն մասին, թե ինչու Մարգոն չի օգտվում նույն համամարդկային իրավունքից և գոնե չի արտագաղթում մեր տեսադաշտից, դարձյալ մնում է իշխանության խղճին: Հիմա նրանք երկու մեծ մեղք ունեն՝ արտագաղթն ու Մարգոն:
shame.am
Այս նյութը դիտել են - 1476 անգամ