КВН- շիկ Գարիկի եղբայրը՝ ոչ պակաս КВН-շիկ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը խորապես համոզված է, որ ինքը քաղաքական դաշտում հասկանալի գործիչ է, այդ պատճառով էլ սկսել է բողոքել նրանցից, ովքեր անհասկանալի են: Մարտիրոսյանի համար հատկապես նորաստեղծ կուսակցություններում հասկացողության սահմաններից դուրս բազմաթիվ դեմքեր են նշմարվում, և սրանց հարցում էլ նա խիստ թերահավատ է:
Ինչ խոսք, կարելի է ցանկացած բանի մասին սեփական տեսակետ արտահայտել: Բայց կա նաև կարծիք հայտնելու բարոյական իրավունքը: Եվ այս իմաստով Մարտիրոսյան Լևոնը լավագույն դիրքերում չէ: Բավական չէ, որ իր պատգամավորության ողջ ժամանակաշրջանում նա ընդամենը համալրեց ներսի գորշ զանգվածը, սրա հետ մեկտեղ էլ վերջինս այն անձանցից է, ով երբեք որևէ նշանակություն չի ունենում, ոչինչ չի որոշում և ապագան մշտապես պայմանավորում է ուրիշների որոշումներով: Լինելով ՄԻԱԿ-ի քարտուղար, Լևոն Մարտիրոսյանը գոնե պիտի իմանա, որ ՄԻԱԿ-ն իբրև երևույթ ոչ եղել է, ոչ էլ կա: Եվ երբ նա այդ չգոյության մասին ասում է՝ «Մենք քաղաքական թիմի մաս ենք, գործունեություն ծավալում ենք այդ թիմի շրջանակներում, այդ թիմի խնդիրներն ու նպատակներն իրագործելով, նոր բան չկա ու չի լինելու», նրա խոսքերի միայն վերջին հատվածը կարելի է բացարձակ իրականություն համարել: Իսկապես որ, նոր բան չկա ու չի լինելու:
Լևոն Մարտիրոսյանը չի կարող խոսել նոր բաների մասին, քանի որ նորերը նրա իրավասության ներքո չեն: Այդ իսկ պատճառով էլ իրեն ուղղված ցանկացած հարցի պատասխանում է. «Ժամանակը ցույց կա», ինչը նշանակում է՝ ինչպես վերևներում որոշեն, այնպես էլ կլինի: Ժամանակը նաև պիտի ցույց տա, թե արդո՞ք հեռանկարում իր անձը կներառվի ուշադրության արժանի մարդկանց ցուցակում: «Եթե որևէ ցուցակով մասնակցելու լինեմ, դա, բնականաբար, պետք է լինի նույն այն ցուցակը, որով մասնակցել եմ նախորդ ընտրություններին: Իսկ թե կմասնակցեմ, թե ոչ, կամ ընդհանրապես ով կմասնակցի, թե չի մասնակցի, որոշումները կայացվելու են ավելի ուշ»,- տեղեկացնում է նա:
Եվ այսքանից հետո պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն արդյո՞ք իրավունք ունի ասելու, թե շրջապատում անհասկանալի գործիչները շատ են, եթե այդ անհասկանալիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է հենց ինքը:
shame.am