Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելն այնքան էլ բարդ բան չէ: Դու կա՛մ միանում ես իշխանական ուժին՝ իր համապատասխան կերակրատաշտով, բայց քեզ վրա կդրվի մածունը սեւ ներկայացնելու ծանր եւ տհաճ պարտականությունը (երկու երնեկ մի տեղ չի լինում): Կա՛մ դու պետք է բազմաթիվ այլ խմբերի հետ մրցես, թե որքան արմատական կլինի քո հռետորաբանությունը:
Օրինակ՝ եթե դու կոչ ես անում, որ իշխանությունը փոխվի 5 րոպեից, դու ավելի ռադիկալ ես, քան նա, ով կոչ կանի իշխանափոխության՝ 7 րոպե ժամկետում: Եթե դու իշխանություններին պարզապես անվանում ես «գող-ավազակ», դու այնքան արմատական չես, քան այն ուժը, որն ասում է՝ «գող, ավազակ եւ դավաճան»: Եթե դրան որեւէ հիշոց կամ անեծք է ավելանում՝ վերջ, դու ամենաշատն ես տառապում «էս ժողովրդի դարդերով ու ցավերով» ու բազմաթիվ փշեր ես հանում նրա ձեռքերից:
Քաղաքական սպեկտրի այս հարուստ երփներանգում կա ես մի հատված, որը նույնքան անհրաժեշտ է մեր պետությանը, եւ որը պայմանականորեն կարելի է անվանել «ոչ իշխանական» ուժեր: Այսինքն՝ նրա ներկայացուցիչներին թույլատրվում է պահել բիզնեսներ եւ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանել, բայց չի թույլատրվում օգտագործել արմատական բառապաշար: Նման ուժերը երբեմն կոալիցիա են կազմում իշխանության հետ, երբեմն էլ ընկնում են «ռադիկալների» ջրերը, եւ այդ դեպքում իշխանությունը ստիպված է լինում նրանց վերադարձնել «ճիշտ ջրերի» մեջ: Արա Աբրահամյանի «կարճատեւ բարեկամական այցը» պետք է դիտարկել այդ համատեքստում:
Պարզ չէ, թե ինչու են ռուսաստանցի գործարարին Մոսկվայից ուղարկել Հայաստան՝ «կուսակցություն բացելու»: Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է Արա Աբրահամյանը որոշել «ձեռք բերել» հենց ՕԵԿ-ը՝ գուցե Պատրուշեւն է հուշել: Բայց պարզ է, որ խորհրդարանում կարիք կլինի արմատական հռետորաբանությունից զուրկ մի «ոչ իշխանական» ուժի, որը սոլիդ ներկայություն կունենա Ազգային ժողովում: Իհարկե, նույն չափով կարիք կա փոքր «ճղճղան» խմբերի, որոնք կկիրառեն վերը նկարագրված արմատական բառապաշարը:
«Ճղճղանների» պակաս չի լինի, այստեղ ընտրությունը լայն է: «Սոլիդ ոչ իշխանականների» հարցն ավելի բարդ է, որովհետեւ այդպիսին լինելու համար մեծ գումարներ են պետք: Այստեղ տարբերակներն ավելի քիչ են. նորից ԲՀԿ (եթե գտնվեն ռեսուրսներ), ՀԱԿ (նույն պարագայում), «վերակազմյալ ՕԵԿ» (եթե Արա Աբրահամյանը Կրեմլից այլ հրահանգներ չստանա), «Համախմբում» (եթե Ռոբերտ Քոչարյանը լրջորեն մտնի պայքարի մեջ):
Եվ այսպես, ապագա խորհրդարանում կլինեն երեք տիպի կուսակցություններ. ա/ իշխանական, բ/ ոչ իշխանական. գ/ ճղճղան:
Իհարկե, չէր խանգարի, որ որեւէ մեկը լիներ նաեւ ընդդիմադիր:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այս նյութը դիտել են - 1348 անգամ