Մոտ ենք ղարաբաղյան հարցի կարգավորմանը, թե մոտ ենք հերթական պատերազմին...
Երեկ Լավրովն Ադրբեջանի ԱԳՆ Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Արցախյան հակամարտությունն առավել քան երբևէ մոտ է իր լուծմանը, և դատելով Մամեդյարովի գոհ դեմքից և ակնարկներից, հավանաբար ռուս-ադրբեջանական հերթական կուլիսյան համագործակցությունը տվել է ադրբեջանի համար ցանկալի նախնական պայմանվորվածություններ և արդյունքներ, որոնք լիովին տեղավորվում են նաև Ռուսաստանի ԼՂ-ի վերաբերյալ ունեցած հաշվարկների մեջ։
Հիմա հասկանանք ինչու է Լավրովը նման «լավատեսական» հայտարարություններ անում, երբ Արցախյան հակամարտությունը պարզապես հայտնվել է փակուղու մեջ, և երբ երկու երկրների նախագահներն այնպիսի կտրուկ, իրարամերժ հայտարարություններ են անում, որոնց միակ ընդհանրությունը հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կարևորության ձևական շեշտադրման մասին է։
Նախ ապրիլյան պատերազմում քավորություն արած ՌԴ-ի համար խնդրի բաղձալի լուծում կլինի Հայաստանի ազատգրված տարածքների հանձնումը, ադրբեջանից Արցախի լղոզված անահասկանալի մի ինչ-որ կարագավիճակի ձևական ճանաչումը, և վերջապես ամենակարևոր կետը՝ Արցախի ժողովրդի «անվտանգությունն ապահովելու համար» ռուս խաղաղապահ զորքերի տեղակայումն այստեղ։ Այս տարբերակն ամենաընդունելին և ցավոք միակ տարբերակն է Ադրբեջանի համար, որը ժամանակի ընթացքում կջրի կարգավիճակ-մարգավիճակի հարցերը, և ՌԴ-ի օգնությամբ պատմության ընթացքում արդեն երկրորդ անգամ առանց պատերազմի կտիրանա տարածքների, որոնք իրենը չեն։
Այս սցենարը մշակվել էր ապրիլյան դեպքերից առաջ և այդ դաշտ ներետելու համար հրահրվեց պատերազմը, ինչն ինքնին արդեն բանակցային գործընթացի փակուղի մտնելու մասին է խոսում։ Իսկ հիմա խնդրի լուծման գլխավոր միջնորդի ֆունկցիաներն իր վրա վերցրած ՌԴ-ն ձգտում է այս Հայաստանի համար մահացու տարբերակը մատուցել որպես լուծում, կարգավորում, և միևնույն ժամանակ էլ հիշեցնում ու նախազգուշացնում է, որ Ադրբեջանի հետ խորացնում է սպառազինության ոլորտում համագործակցությունը և ավելի շատ է զինելու նրան։ Այսպիսով ՌԴ-ն Հայաստանին դիվանագիտորեն կանգնեցնում է պատերազմի կամ իր առաջարկած «լուծման» երկընտրանքի առջև։
Հիմա գանք մեզ։ Շավարշ Քոչարյանն արձագանքելով հանդիպման «արդյուքներին»՝ ևս մեկ անգամ շեշտեց, որ առանց ինքնորոշման ճանաչման՝ այն է Արցախի հանրապետության ճանաչման գործն առաջ չի գնալու։ Մյուս կողմից Սերժ Սարգսյանը արաբական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նույնպես ընդգծեց Արցախի Ադրբեջանին կազմում չհայտնվելու կարևորությունը։
Համադրելով հայկական կողմի այս սկզբունքային հայտարարությունները մի բան է հստակ է՝ հող չենք հանձնելու, գոնե մինչև Ադրբեջանը չճանաչաի երկրորդ հայկական պետությունը, իսկ վերջինս երբեք չի անի այդ, բայց կշարունակի հող պահանջել, մենք էլ չենք տա հող մինչև Արցախը չճանաչվի անկախ պետություն և այսպես շարունակ, կողմերը կշարունակեն հարստացնել իրենց ռազմական արսենալը, հզորացնել բանակը՝ միշտ հաջորդ պատերազմի նախապատրաստվելով։
Ուրեմն ինչ մոտալուտ լուծման մասին է խոսում Լավրովը, ինչու է նման «անմեղ» ու «միամիտ» հայտարարություններ անում, և ինչ է սա եթե ոչ ՌԴ-ի տարածաշրջանային կեղտոտ մտադրությունների պարտադրանք Հայաստանին։
Այս նյութը դիտել են - 1497 անգամ