Ձուն ավելի թանկ է, քան Բալասանյանը...
2016-07-13 21:55:00
Նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երբեք չի փայլել սրամիտ մտքով կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ նրա սրամտության փորձերը միշտ էլ տխուր ավարտ են ունեցել, քանի որ նպատակը եղել է ընդամենը տվյալ պահի իրավիճակից դուրս գալը, սակայն հետևանքների մասին Աշոտյանը մտածել չի կարող, նրա միտքն այդքան հեռուները չի գնում:
Այսօր էլ նա կրկին բախվեց անհաջողության, երբ լրագրողները հարցրեցին, թե ՀՀԿ-ն բարդույթ չունի՞ Գյումրիի ընտրություններում նախկին ԲՀԿ-ականին սատարելու համար: Այս հարցին Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան ԲՀԿ-ն»:
Նախկին նախարարը, հավանաբար, ցանկանում էր ավելի շատ ԲՀԿ-ին խայթել, քան պաշտպանել Բալասանյանին: Հավանաբար, այդ պահին խոսեց Ծառուկյանի մարդկանց կողմից ահաբեկված լինելու դառնությունը և նաև այն բանի գիտակցումը, որ Գյումրիի քաղաքապետն ուրիշ արժեք չունի, բացի նրա հնությունը:
Ամեն դեպքում ԲՀԿ-ի արձագանքը չուշացավ: Այս կուսակցության խոսնակը Աշոտյանի հայտարարությունից հաշված ժամեր անց ասաց. «Արձագանքելով այսօր Արմեն Աշոտյանի այն մտքին, որ Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան ԲՀԿ-ն, պրն Աշոտյանին հիշեցնեմ, որ քաղաքապետը ո՛չ անտիկվարիատ է, ո՛չ Պիկասոյի կտավ և ո՛չ էլ ՝ Ֆաբերժեի ձու, որ որքան հին լինի՝ այնքան արժեքավոր»: Հավանաբար, ԲՀԿ-ից կցանկանային նաև հիշեցնել, որ նման մոտեցման պարագայում էլ Գալուստ Սահակյանն էլ ավելի հին է, քան նժդեհյան գաղափարախոսությունը, սակայն սահմանափակվեցին այդքանով: Եվ իսկապես, բանավեճը սպառված համերելու խիստ անհրաժեշտություն կար այն փաստի առկայության պայմաններում, որ հինը կարևոր չէ: Հին լինելը դեռ թանկ լինելը չէ, հատկապես Բալասանյանի կարգի անորակ հինը: Այլ հարց, եթե խոսենք Ֆաբերժեի ձվերից...
shame.am
Այս նյութը դիտել են - 1241 անգամ