ԺՊՏԱՑՈՂ ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿՈՒՄ ԺՊՏԱՑՈՂ ՀՈՂ ԵՄ ՈՒԶՈՒՄ…
2016-07-14 10:16:00
Մի պահ անակնկալի եկա… Հեռավոր ափերից եկած մի հարց՝ ԵՍ Ի՞ՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ…
 
Անցյալի մեջ հնօրյա կարոտի արահետներով եմ քայլում, ուզում եմ ամեն մի ակնթարթի տալ հավերժականի իմաստ: Հենվում եմ հուշերիս, սուզվում մտքերիս մեջ: Ես ի՞նչ եմ ուզում…Վերադարձ դեպի անցած օրերը, այդ վերադարձը չի ճանաչում ո՛չ սահման և ո՛չ էլ՝ պատնեշ: Միտքս սավառնում է ամենուր, անարգել հասնում եմ դեպի հավերժություն դարձած անցյալի հուշերի մեջ, որտեղ հասարակ մի կյանք կա, բայց նաև կյանքի իմաստի տենդագին որոնումներ ու ապրածս կյանքի տարեգրություն:
 Ես ի՞նչ եմ ուզում…Ուզում եմ նոր օրերի լիքը ծիծաղների ու ժպիտների անսահմանության մեջ անցած օրերի ծիծաղների արձագանքները լսեմ: Աշնան ու տերևաթափի, մայրամուտի ու մթնշաղի գույների փոխարեն ուզում եմ բացել արևային պայծառ ու լուսավոր գույների մի շքեղ հանդես, որտեղ հայրենի երկրի ջինջ երկինք կա, զրնգացող գույների ու թախծալից կարոտների մի նոր առավոտ:
 
Ժպտացող բնության ծոցում ժպտացող հող եմ ուզում, ժպտացող արև, անձրևից հետո՝ յոթնագույն ծիածան, հասկերի ոսկե խուրձ եմ ուզում, անլույս այգիներին փոխարինած լուսնաշունչ վարդաստաններ: Ժպտացող արևի զգացողությամբ իմ հայրենի երկրի համար բացվող նոր օր եմ ուզում, մարդկանց, աշխարհի, կյանքի մասին մի նոր արևոտ երգ… Այնքա՜ն շատ բան կա, որ անձնական է և տխուր, բայց ես իմ երկրի լուսավոր օրն եմ ուզում:
 
 Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի
հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Այս նյութը դիտել են - 2519 անգամ