Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հայտարարագրերում նշված նվիրատվությունը նախարարի ընտանիքը ստանում է նրա կնոջամերիկաբնակ հարազատներից. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Մուրադյանը՝ մեկնաբանելով իր հայտարարագրերի մասին հրապարակումները, թե նախարար դառնալուց հետո նվիրատվությունների չափն աճել է:
«Սիրով ձեզ հետ կկիսվեմ իմ ընտանեկան խնդիրներով: Իմ կնոջ ընտանիքը 1995 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ում. մայրը, քեռին, լուսահոգի տատը, եղբայրը, նրանց կազմավորված ընտանիքները: Կարծում եմ, որ տարեկան մեկ անգամ կարող են նվիրատվություն անել և՛ իրենց քրոջը, և՛ երեք զարմիկներին՝ նրանց ծննդյան տոների և առիթների կապակցությամբ»:
Նախարարը նաև հայտնեց, որ իր ավագ դուստրն այս տարի ավարտել է համալսարանը, միջնեկ աղջիկն ընդունվել է համալսարան, իսկ կրտսերը՝ դպրոց:
Հարցին, թե նման խոշոր չափի նվիրատվություն արվել է մինչև Արմեն Մուրադյանի նախարար դառնալը, վերջինս պատասխանեց, որ «խոշոր չափ» ասվածը հարաբերական է, իսկ նվիրատվություններ եղել են 1995 թվականից սկսած:
Այս նյութը դիտել են - 1500 անգամ