Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերթական օրակարգային հարցը ներկայացնելու ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանին հարցրեց, թե ինչ պատճառով են ուշանում «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքները և հիշեցրեց, որ այդ մասին արդեն հարցնում է երկրորդ անգամ:
Արթուր Առաքելյանն ասաց, որ աշխատանքային հստակ ժամանակացույց կա և ուշացման մասին ահազանգ դեռ չեն ստացել:
Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե արդյոք իր ասածն ահազանգ չէ և հարցրեց. «Խոսակցություններ են հասնում, անհի՞մն են, թե՞ ոչ: Իսպանական ընկերությունն է իրականացնում, այդ ընկերությունը չարիք է այս գործում, ինչ-որ խնդիր կա այս ընկերության հետ: Փողերը չկան, փողերը տարել են, ուսումնասիրեք պատճառը»:
Վարչապետի դիտարկմանն ի պատասխան Արթուր Առաքելյանն ասաց, որ նախարարությունն ուսումնասիրություններ է արել և իրավիճակը հսկողության տակ է:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իրեն հասած խոսակցություններն այդ ոլորտում աշխատողների խոսակցություններ են, և պետք է հասկանալ խնդիրներն ու դրանց պատճառները: «Եղավ, պարոն վարչապետ»,- ասաց Առաքելյանը:
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» ճանապարհի երկարությունը կազմելու է մոտ 500 կմ, հաշվարկային արժեքն է 1.2-1.5 մլրդ ԱՄՆ դոլար, իրականացման ժամկետը՝ 2009-19թթ: Ծրագիրը բաժանված է 4 առանձին տրանշների:
Երկու տրանշներով շինարարական աշխատանքներն իրականացնում է «Իզոլյուքս Կորսան» իսպանական ընկերությունը (կապալառու), իսկ ծրագրի կառավարման խորհրդատուն է բելգիական «Սաֆեժ և Էպտիսա» համատեղ ձեռնարկությունը:
Այս նյութը դիտել են - 1195 անգամ