Ի՞նչ նվիրատվություններ է ստացվել ԼՂՀ-ն ապրիլից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում
2016-07-15 09:51:00

«ԼՂՀ կառավարությունը հուլիսի 8-ին Ազգային օպերատիվ շտաբի գործունեության եռամսյակային հաշվետվությունն է ներկայացրել այն մասին, թե ինչ նվիրատվություններ են ստացվել ԼՂՀ հակամարտության գարնանային թեժացման օրերին՝ ապրիլից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, և ինչպես է բաշխվել օգնությունը, նաև գաղտնի տեղեկություններ հանգանակված գումարների ծախսման վերաբերյալ։ Քանի որ բաշխման գործընթացի վերաբերյալ ԶԼՄ-ներում բազմաթիվ՝ բացասական և դրական արձագանքներ կային, ստացված օժանդակության ամփոփ պատկերը ԼՂՀ կառավարության աշխատակազմն ուղարկել է նաև ԶԼՄ-ներին։ Ըստ այդմ, հուլիսի 1-ի դրությամբ մոտ 7 հազար մարդ և կազմակերպություն մոտ 2 մլրդ. 335 հազար դրամ է փոխանցել կառավարության հատուկ հաշվեհամարին, մոտ 3 մլն. դոլար, 173 հազար, 728 եվրո և 62 հազարից ավելի ռուբլի։

Ընդհանուր գումարային մուտքը կազմել է մոտ 4,562,175,600 դրամ: Դրա մեծ մասը ծախսվել է ռազմական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման, ինժեներական աշխատանքների, ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի ծառայությունների ու կապիտալ ծախսերի իրականացման համար, և մոտ 200 մլն. ուղղվել է զորակոչված քաղաքացիների և կամավորականների դրամական աջակցությանը։ Արցախի Հանրապետություն նաև սնունդ, սարքավորումներ, ավտոմեքենաներ են գնացել, որոնք բաժանվել են պետական տարբեր մարմինների, այդ թվում՝ ԱԱԾ-ին և Արտակարգ իրավիճակների ծառայությանը։ 97 մեքենա բաժին է ընկել ՊԲ-ին, հիմնականում UAZ-452 մակնիշի, որոնք ժողովուրդն անվանում է буханка: Նվիրաբերված ամենալավ ավտոմեքենան՝ միակ Nissan Patrol-ը, թե բանակի գեներալներից ում է բաժին ընկել, կառավարությունում չեն գաղտնազերծում, ասելով․ «Գուցեև գեներալի չլինի, այլ կոնկրետ նպատակով կիրառվելիս լինի: Մենք տվել ենք բանակին, իրենք են որոշում, թե ինչ նպատակով են կիրառում։ Ճիշտ էլ չէ այդքան մանրամասները բացել։ Վտանգավոր էլ է ասել, թե որ մեքենան ում է տրված անձնապես, առավել ևս, որ ադրբեջանցիները թիրախավորում էին բարձրաստիճան սպաների մեքենաները»։

Փաստորեն, մեքենաները բաժանվել են բարձրաստիճան սպաներին, որոնք առանց այդ էլ շատ մեքենաներ ունեն։ ԱԱԾ-ն վերցրել է «ջիպոտ» մոդելները՝ մեկ հատ UAZ patriot, երկու հատ UAZ Pik Ap։ 22 հատ ավտոմեքենա ուղարկել են ԼՂՀ շրջանների վարչակազմերին։ 4 հատ մեքենա ստացել են պետական այլ մարմինները, ևս 4-ը, որոնց թվում է նաև մի հասարակ NIVA, դեռ չեն բաժանել։ Սննդի և տնտեսական ապրանքների տեսականին չեն մանրամասնում»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 1454 անգամ