Ահաբեկչությունից մի քանի օր առաջ է վարձակալվել բեռնատար մեքենան
2016-07-15 11:45:00

Բեռնատար մեքենան, որը Նիսում հուլիսի 14-ին երեկոյան մխրճվել էր մարդկանց խմբի մեջ և ճնշել նրանց, ահաբեկչությունից մի քանի օր առաջ է վարձակալվել: Այդ մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով «Ֆրանս պրես»-ին: «Բեռնատար մեքենան մի քանի օր առաջ վարձակալության է վերցվել», -լրատվամիջոցին ասել է իրավապահ մարմիններում հավաստի աղբյուրը: Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված հրավառության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել էր տոնը նշող մարդկանց խմբի մեջ, ու վարորդը կրակահերթ էր արձակել նրանց ուղղությամբ: Ականատեսների վկայությամբ, բեռնատարի վարորդը միտումնավոր մեքենան վարել է ուղիղ մարդկանց մեջ՝ փորձելով վիրավորել որքան հնարավոր է շատ մարդու: «Սկզբում մենք կարծում էինք, թե վարորդն իրեն լավ չի զգում, բայց շատ արագ հասկացանք, որ դա բացառվում է: Նա ցանկանում էր սպանել որքան հնարավոր է շատ մարդու», -ասել է ականատեսներից մեկը: Ոստիկանական ուժերը վնասազերծել էին ահաբեկչին, որը լրատվամիջոցների փոխանցմամբ, ծագումով թունիսցի է, Ֆրանսիայի քաղաքացի, 31 տարեկան: «Իսլամական պետություն» կազմակերպությունը իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցել զոհերի հարազատներին:

Այս նյութը դիտել են - 1302 անգամ