Կուսակցագռդոն...
2016-07-15 22:42:00

Երբ սնկի պես աճող կուսակցություններից մի քանիսի հիմնադիր համագումարներին նկատեցինք նույն մարդկանց, հետաքրքրվեցինք, թե դա ինչ է նշանակում։ Կուսակցություններից մեկի հիմնադիր կազմում ընդգրկված անձը որոշ փակագծեր բացեց մեզ համար․ ԱԺ ընտրություններին ընդառաջ ձեւավորվող նոր կուսակցությունները, իրականում, բիզնես-պրոյեկտներ են, որտեղ ընդգրկվող անձանց կարելի է բաժանել 2 խմբի․ մարդիկ, որոնք ուզում են ամեն գնով մտնել Ազգային ժողով եւ այնտեղ փող աշխատել, եւ մարդիկ, որոնք ուզում են փող աշխատել առաջինների ԱԺ մտնելու ցանկության վրա։

Շուկայական հարաբերությունները, փաստորեն, մտել են նաեւ քաղաքական դաշտ: Երեւանում նստած կուսակցապետերը մարզերում փնտրում են ժիր, ակտիվ, թաղում որոշակի ճանաչում ունեցող ջահելների խմբերի, որոնք քաղաքականությունից միլիոնավոր կիլոմետրեր հեռու են։ Հանդիպում, խոսում, պայմանավորվում են նրանց հետ, բացում կուսակցության գրասենյակներ, ընթացիկ ծախսերի համար վճարում ինչ-որ գումար եւ սպասում ընտրություններին։ Կուսակցապետերն այս պրոցեսից ակնկալում են քվեներ, տարածքային կառույցների «շուստրի» ջահելները՝ Երեւանից ուղարկվելիք գումարներ, որ ընտրակաշառք բաժանեն եւ մեջը փայ «մտնեն»:

Նորաստեղծ կուսակցությունների մարզային կառույցներն էլ հիմնադիր ժողովներ են անում այդ «շուստրի» ջահելների բերած «համակիրներով», որոնք հիմնականում այդ նույն ջահելների տան անդամներն են, աներ-զոքանչները, բարեկամները, որոնք իրենց տղաների «խաթեր» եկել են եւ դահլիճ ապահովել, որոնք ժողովի ավարտից հետո անգամ չեն հիշում այն կուսակցության անունը, որի ժողովին մասնակցել են:

Մարզերում այս բիզնես-խմբերն էլ աշխատեցնում են կուսակցությունների «տարածքային» կառույցները եւ զբաղվում կուսակցագռդոնով:

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 1451 անգամ