Վարուժան Ավետիսյանը կոչ է անում սփյուռքին միանալ ապստամբությանը...
2016-07-17 15:50:00

Այսօր, վաղ առավոտից Էրեբունու ոստիկանության շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա Ծռեր» խմբավորման պահանջները այս պահի դրությամբ դեռ չեն բավարարվել. հիմնական պահանջը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի հրաժարականն ու նոր կառավարության ձևավորումը, իսկ այդ գործընթացի կառավարման համար պահանջվում է Ժիրայր Սեֆիլյանի ներկայությունը:

Այս մասին USArmenianews.com կայքի հետ զրույցում ասել է շարժման ղեկավարներից Վարուժան Ավետիսյանը: Նրա խոսքով` ամեն ինչ կախված է իրենց ամրությունից, ժողովրդի ակտիվությունից, իսկ վերջինիս ճնշման տակ ու նրա պարտադրանքով միանշանակ կբավարարվեն բոլոր պահանջները: «Մենք օրինակ ենք ծառայել, ցույց տալով, որ պետք է ապստամբել հանցավոր, ապազգային ռեժիմի դեմ ու ձևավորել ազգային կառավարություն:

Ընտրությունն արդեն ժողովրդինն է և հուսով ենք` նա կասի իր խոսքը: Որոշակի շարժ կա, որն անմիջապես կանխվում է` բերման են ենթարկվում ու ձերբակալվում», -ասել է Ավետիսյանը: Նա նշել է, որ ժողովրդի աջակցությունը չստանալու և գրոհի ենթարկվելու դեպքում իրենք պատրաստ են պաշտպանվել մինչև վերջ: «Ամեն դեպքում, եթե ժողովուրդը քայլեր չձեռնարկի, ապա վտանգը մեծանալու է և մեր դիմադրությունից հետո, անպայման, պայթյուն է լինելու», -ասել է Ավետիսյանը:

Վերջինս նաև կոչով դիմել է թե Հայաստանի քաղաքացիներին` , թե սփյուռքին` միանալ ապստամբությանը:

«Բոլորի սրբազան պարտքն է ապստամբել ազգադավ կեղեքիչների դեմ ` հանուն արժանապատվության ու ազգային շահերի: Սա հանցագործություն կամ ահաբեկչություն չէ, ուստի պետք է ստանա համազգային աջակցություն», -եզրափակել է մեր զրուցակիցը:

Այս նյութը դիտել են - 5823 անգամ