«Ներկայացնում են ահաբեկիչ՝ առանց հասկանալու իմաստը» (տեսանյութ)
2016-07-18 09:24:00

Քաղաքացիական ակտիվիստ  Մաքսիմ  Սարգսյանի կարծիքով՝ հանրության ներկայացուցիչներից յուրաքանչյուրն այսօր իր լուման պետք է ունենա Էրեբունու ՊՊԾ շենքում գտնվող զինված խմբի կողմից առաջ քաշված պահանջների կատարման գործում:

«Ճիշտ և համախմբված աշխատելու դեպքում կարող ենք  ունենալ դա»,- դեպքի վայրից «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե  ինքը ևս կփորձի՞ նպաստել ժողովրդի համախմբման գործին և մարդկանց  փողոց դուրս բերելու կոչ անել, ինչը իրենց հաջողվել է անել անցյալ տարի՝ «Էլեկտրիկ Երևան»-ի դեպքերի ժամանակ, Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց. «Կոչս վաղուց արդեն արել եմ, դեռ Արցախից: Անցյալ տարվա այդ համախմբումը տևական ժամանակ աշխատած,շուրջ 3-4 ամիս  բակ առ բակ մտնելու, տուն առ տուն իրազեկելու նաև արդյունք էր, իսկ հիմա այս իրավիճակը շատ ավելի լուրջ ու այլ է՝ համեմատել նրա հետ ես մի քիչ սխալ եմ համարում, բայց այս իրավիճակին էլ համահունչ փորձում ենք գտնել մեխանիզմներ, թե ոնց կարող ենք մարդկանց ճիշտ ինֆորմացիա տալ, որովհետև առաջին օրը եղած ինֆորմացիան, բլոկադան իր սև գործն արել է: Մարդկանց մեծ մասն ուտելով այդ ԱԱԾ-ական, իշխանական ալիքների ինֆորմացիան պարզապես սխալ կարծիք ունի այս պրոցեսի  մասին, ինչը որ կատարվում է»:

Վերջինիս խոսքերով՝ այդ մարդկանց ներկայացնում են որպես ահաբեկիչ, սակայն առանց հասկանալու, թե ինչ է ահաբեկիչն ու ինչ է նա անում:

«Բոլորս էլ տեսնում ենք, որ տեռորիստ չկա այնտեղ, պատանդներն էլ անգամ չակերտների մեջ կարող ենք ասել, որովհետև եթե նրանք պատանդ լինեին, ապա բոլորս էլ պատկերացնում ենք, թե պատանդն ինչ է և ինչ վիճակում է լինում: Այնտեղ պատանդներ չկան, այնտեղի տղաները բոլորն էլ գաղափարի մարդիկ են ու գաղափարի համար են անում այն, ինչ որ անում են, ու նրանց տեռորիստ անվանելը, մեղմ ասած, անմեղսունակություն է»,-շեշտեց նա:

 

 
Այս նյութը դիտել են - 7034 անգամ