Համաշխարհային հռչակ ունեցող «Մայքրոսոֆթ» ընկերությունը, որ գործունեություն է ծավալում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, հազիվ թե երբևէ պատկերացներ, որ իր նման գերհզոր կառույցը կարող էր հայտնվել պարտվածի կարգավիճակում, և այն էլ այն դեպքում, երբ որևէ անօրինականություն թույլ չի տվել: Բայց «Մայքրոսոֆթը» ինչպե՞ս կարող էր իմանալ, որ Հայաստան աշխարհում կա մի Լֆիկ, որի համար որևէ արժեք չունի ոչ «Մայքրոսոֆթի» համբավը, և ոչ էլ օրենքի պահանջը: Եվ ահա այդ անտեղյակությունն էլ ընկերությանն արժեցել է 9 տարվա անարդյունք չարչարանք:
Բանն այն է, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի հետ «Մայքրոսոֆթը» տարիներ շարունակ փորձել է համակարգչային ծրագրերի օրինականացման հարցեր կարգավորել: 9 տարի առաջ «Մայքրոսոֆթ» կորպորացիան գրավոր ծանուցել է «Նատալի Ֆարմին» և խնդրել` եթե ունեք չարտոնագրված ծրագրեր, համատեղ լուծումներ գտնենք: Ծանուցումը ստանալուց հետո 9 տարի շարունակ կողմերը չեն կարողացել լուծել ծրագրերի օգտագործման հարցը: Եղել են նաև հանդիպումներ, սակայն լուծում չգտնելով` դիմել են դատական պաշտպանությանը:
Իրավական հարթակներոււմ արդարություն և օրինականություն որոնող միամիտ «Մայքրոսոֆթին» ինչպե՞ս բացատրես, որ Լֆիկի համար գոյություն չունեն այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են հեղինակային իրավունքի խախտումը և դրա դիմաց փոխհատուցում ստանալը:
Ինչպե՞ս բացատրես, որ «Նատալի Ֆարմ» ընկերության կողմից չարտոնագրված ծրագրերի օգտագործումը չի կարող պատժվել, որովհետև Ալեքսանյանը սովոր չէ պատժվելուն: Նա ինքն է ժամանակ առ ժամանակ պատժում: Եվ եթե այս պահին վնասի չափը կազմել է մոտ 14 մլն դրամ, եթե այս պահին դրա մասին տեղեկացված է էկոնոմիկայի նախարարությունը, դա դեռ ոչինչ չի նշանակում: 9 տարին կարող է դառնալ 19-ը տարի:
Լֆիկը միշտ կմնա Լֆիկ: