Վարդան Օսկանյանը կոչով դիմում է իշխանություններին՝ արտահայտելով, թերևս, բոլորիս մտահոգությունն ու տարակուսանքը: Իսկապես, անհասկանալի և անընդունելի է ներկայիս իշխանությունների պահվածքը՝ լռությունն ու անգործությունը ստեղծված իրավիճակում:
Իշխանությունները պետք է հնարավոր ամենինչ անեն՝ արյունահեղությունից ու նոր զոհերից խուսափելու համար, պետք է քաջություն ունենան դուրս գալ ժողովրդի առաջ և հրապարակային ներկայացնել իրենց դիրքորոշումը, փորձել հանգստացնել կրքերը՝ նրանք դա ի պաշտոնե են պարտավոր անել:
Ժամանակին Օսկանյանը այն մարդկանցից էր, ով նմանատիպ իրավիճակում 2008 թվականին ունեցավ այդ քաջությունը, պատասխանատվության գիտակցումը և հանդես եկավ հայտարարությամբ ու կոչով, փորձելով հանդարտեցնել հասարակությանը և խուսափել այն ողբերգությունից, որ տեղի ունեցավ:
Հիմա, ով էլ ինչ խոսի, ինչ տարբերակներ էլ առաջարկի, ինչքան էլ դրանք խելամիտ լինեն, այդ բոլորն անօգուտ է, քանի դեռ մենք երկրի առաջին դեմքերի՝ նույնիսկ գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենք: Իշխանություններն իրենց անգործությամբ ու անտարբերությամբ հասցրեցին մարդկանց ծայրահեղ և հուսահատ քայլի, այժմ էլ իրենց լռությամբ ավելի են վատթարացնում իրավիճակը, ամենինչ տանելով արյունալի հանգուցալուծման: Եվ, կարծես, չեն էլ գիտակցում, կամ չեն ցանկանում իրենց վրա պատասխանատվություն վերցնել դեպքերի զարգացման համար:
Հուսով եմ, Սերժ Սարգսյանը գոնե այս դեպքում խոհեմություն կցուցաբերի և ականջալուր կլինի Օսկանյանի և մնացած բոլոր մտահոգ քաղաքացիների պահանջին: Այս դեպքում խոսքը քաղաքական պայքարի, անձնական խնդիրների և շահի մասին չէ, այլ մարդկային կյանքերի: Հակառակ դեպքում, դա կմնա Սերժ Սարգսյանի խղճին: