Ընդդիմադիր դաշտում տիրող անմխիթար վիճակի արդյունքում ջրի երես են դուրս գալիս ներիշխանական հակասություններն ու գզվռտոցները...
2015-12-19 01:54:00

Ընդդիմադիր դաշտում տիրող անմխիթար վիճակի արդյունքում ջրի երես են դուրս գալիս ներիշխանական հակասություններն ու գզվռտոցները։

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ խոստացել է չհավակնել վարչապետիաթոռին, եթե անցում կատարվի խորհրդարանական կառավարման համակարգին։ Դա ասվել էր Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ–ին սահմանադրական փոփոխությունների գործընթաց ներգրավելու նպատակով։

Ծառուկյանը, սակայն, ընդառաջ չգնաց Սարգսյանին։ Դրանից հետո տեղի ունեցան փետրվարյան հայտնի իրադարձությունները, ինչին էլ հաջորդեց սահմանադրական փոփոխությունների՝ արագացված տեմպերով իրագործումը։

ԲՀԿ–ին շարքից հանելով՝ Սարգսյանը հնարավորություն ստացավ ոչ միայն սահմանադրական փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի, այլ նաև բացահայտորեն խոսել ցմահ իշխանության մեջ մնալու իր ծրագրերի մասին։

Հանրաքվեից երկու օր առաջ տեղի ունեցած ինքնաասուլիսի ժամանակ ՀՀԿ ղեկավարը հետ կանգնեց իր խոսքերից՝ հայտարարելով, թե հետագա անելիքի մասին կխոսի 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո՝ չբացառելով իր վարչապետ դառնալը, եթե ՀՀԿ–ին հաջողվի համապատասխան տոկոսը «խփել»։

Սերժ Սարգսյանի այդ մոտեցումն իսկական շոկ է առաջացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ, ով պարբերաբար հայտարարում էր, թե ինքն իրեն հետագայում տեսնում է վարչապետի աթոռին, այսինքն՝ իշխանական թևի քաղաքական ժառանգորդի դերում։

Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանի ինքնաասուլիսից հետո էլ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքն ապագայում կուզենար մնալ վարչապետի աթոռին, և որ ինքը մեղք չունի Սերժ Սարգսյանի՝ խոստումից հետ կանգնելու հարցում։ Այդպիսով Աբրահամյանը հրապարակավ հակադրվեց Սարգսյանի ցանկություններին։

Դատելով ամենից՝ Ս. Սարգսյանն անցել է հակահարձակման։ «Անկախ» մամուլից բացի՝ խաղի մեջ է մտել նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով խորհրդարանում հայտարարեց, որ վատանալու են գործող վարչապետի գործերը, քանզի հիմա էլ Աբրահամյանին են բամփելու։ Մինչ այդ նույն Նիկոլը Հովիկի սեփականությանը վերաբերող հարցադրմամբ էր հանդես եկել։ Սա հուշում է, որ Աբրահամյանի դեմ Բ26–ի նախաձեռնած տեղեկատվական արշավը նոր թափ է հավաքում։ Ինչևէ։

Այն, որ Սերժ Սարգսյանն ուզում է հեռացնել Հովիկ Աբրահամյանին, ակնհայտ է։ Ակնհայտ է նաև, որ Սարգսյանը դեռ չի կարողանում կողմնորոշվել, թե երբ պետք է դա անի՝ հիմա՞, գալիք տարվա սկզբո՞ւմ, 2017թ. ԱԺ ընտրությունների նախաշեմի՞ն, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո՞, թե՞ 2018–ին։ Չի կողմնորոշվում, քանզի ինքն էլ անորոշությունների ու վախերի մեջ է։

Ամեն դեպքում, Սարգսյանը որպես քավության նոխազ է «չաղացնում» Աբրահամյանին։

Ասել, որ Աբրահամյանն էլ իր հերթին ոչինչ չի անում պաշտպանվելու համար, սխալ կլինի։ Նա վարչապետի աթոռից կառչած է մոլագարի պես և մտովի սեփականաշնորհել է այդ աթոռը։ Հետևաբար, ամեն ինչ անելու է, որպեսզի մնա։

Աբրահամյանի թույլ կողմն այն է, որ նա քաղաքական մտածողություն չունի, աչքի չի ընկնում մարդկային դրական որակներով (Ծառուկյանի հետ կապված պատմության ժամանակ Աբրահամյանի նողկալի պահվածքը լավագույնս բնութագրում է նրան), չունի թիմ, չունի գործողության ծրագիր, չունի տեղեկատվական աջակցություն և այլն։

Աբրահամյանի միակ ուժեղ կողմ այն է, որ ներիշխանական պայքարում նրա հակառակորդը Սերժ Սարգսյանն է։ Վերջինս զրոյական հանրային վարկանիշ ունի և անընդունելի կերպար է ոչ միայն հանրության ճնշող մեծամասնության, այլ նաև պետական ապարատի մեծ մասի համար։

Բոլորն էլ տեսնում են, որ Սերժ Սարգսյանը ձախողել է ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ զուգահեռաբար հաջողացնելով իր ու իր մերձավորների համար ֆինանսական աճ ապահովել։ Բնականաբար, դա որևէ մեկի դուրը չի գալիս։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ Սարգսյան–Աբրահամյան աթոռային հակասությունը հանրության շահերի հետ գրեթե որևէ կապ չունի։ Միակ շահն այն է, որ ներիշխանական գզվռտոցը կթուլացնի իշխող բուրգը։ Բայց որպեսզի հանրությունը կարողանա օգտվել այդ թուլացումից, պետք է լայն կոնսոլիդացիա ապահովող քաղաքական նոր ուժ։ Այլապես ի՞նչ տարբերություն, թե ով ում կհոշոտի ՀՀԿ–ի ներսում։

Կարեն Հակոբջանյան    http://www.7or.am/am/news/view/98350/

Այս նյութը դիտել են - 1605 անգամ