Այսօր ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինըհանդես է եկել հայտարարությամբ և ասել է, որ Հայաստանում գտնվող ռուսաստանցիներին ներկայում որևէ վտանգ չի սպառնում, և Հայաստանում Ռուսաստանի դեսպանության տարածքի պահպանության համար հավելյալ անվտանգության միջոցները չեն ձեռնարկվում:
Դեսպան Վոլինկինը հրաշալի գիտի, որ մայրաքաղաքում ծավալվող դեպքերը որևէ առնչություն չունեն Ռուսաստանի հետ: Բայց և այնպես դրա մասին հայտարարություն է անում՝ տարակուսանք պատճառելով թե հայաստանցիներին, թե տեղի ռուսներին: Վոլինկինը նաև հրաշալի հիշում է, որ նույնիսկ ապրիլյան պատերազմի օրերին, երբ հասարակության ներսում իսկապես առկա էին որոշ հակառուսական տրամադրություններ, դարձյալ անհրաժեշտություն չծագեց հանդես գալ նման նախազգոււշացմամբ: Ուրեմն, ի՞նչն է պատճառը, որ դեսպանը հիմա խոսում է և ինչո՞ւ է իր խոսքում օգտագործում «ներկայում» բառը: Մի՞թե կարծում է, թե հետագայում դա հնարավոր է: Գուցե Իվան Վոլինկինը տիրապետում է մի ինֆորմացիայի, որի մասին մենք անտեղյա՞կ ենք:
Հայաստանում գտնվող որևէ այլ երկրի դեսպան այս երեք օրերի ընթացքում ահազանգեր չի հնչեցրել, և Ռուսաստանի դեսպանը նույնպես այդպես վարվելու համար որևէ հիմք չուներ: Այլապես նրա քայլը կարող է արժանանալ ցանկացած որակման: