Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 3 օր է Էրեբունու ՊՊԾ տարածքը գտնվում է «Սասնա ծռեր» խմբի հսկողության ներքո: Armtimes.com-ի հարցերին պատասխանում է խմբի անդամ Պավել Մանուկյանը:
Պարոն Մանուկյան, գիշերը խաղա՞ղ է եղել:
-Մեզ մոտ գիշերները խաղաղ են լինում:
Ոստիկանության հետ բախումներ, տարածք մուտք գործելու փորձեր չե՞ն եղել:
-Ո՞նց է հնարավոր ոստիկանությունը խելագարների հետ բախում ունենա:
Երեկ ձեր շարժան համակիրները հայտարարում էին, որ ջրի խնդիր ունեք, կա՞ նման բան:
-Մեզ մոտ ջրի խնդիր չկա, սնունդի խնդիր ունենք, իհարկե, բայց ոչինչ, էստեղ մի քանի հատ չաղ շուն ենք տեսել (ծիծաղում է):
Իսկ պատանդներն ի՞նչ վիճակում են:
-Էդ պատանդ բառը մի օգտագործեք, երեւի որ բաց թողնենք նրանց, էլ չգնան:
Այդքան լավ հարաբերություններ ունե՞ք:
-Այո, նրանք վատ վերաբերմունք երբեւիցե չեն տեսել: Մենք երբեք նրանց պատանդի կարգավիճակով չենք պահել, ե՛ւ սնունդով, ե՛ւ ջրով ապահովում ենք, ոչ մի վայրկյան նրանց հանգիստը չի խաթարվում: Ո՞նց կարող է մենք պատանդի կարգավիճակով պահենք իրենց, դուք կարո՞ղ է իսկական տեռորիստի տեղ եք դրել մեզ:
Մեզ երեկ ԱԱԾ-ից առաջարկեցին պատանդներից մեկին բաց թողնել գնդապետի հոգեհանգստի հետ կապված, մենք էլ ասացինք, եթե տենց մտահոգ եք՝ չորսին էլ բաց ենք թողնում, դուք Գասպարյան Վովային բերեք ստեղ... այ դա պատանդ կլիներ:
Իսկ կարելի՞ է հեռախոսը փոխանցեք Վալերի Օսիպյանին:
-Չի խոսում:
Իսկ փոխոստիկանապե՞տը:
-Չեն վեցնում, աղջիկս, ասում եմ քեզ:
Իսկ ձեզ հետ խոսո՞ւմ են:
-Ինչի մենք վայրենի՞ ենք, որ մեզ հետ չշփվեն:
Պարոն Մանուկյան, երեկվա կրակոցներից հետո Խորենացի փողոցում խուճապ ստեղծվեց, կրակոցներն իսկապես օ՞դ էին ուղղված:
-Մենք օդ ենք կրակել, այսօր էլ ենք կրակելու, եթե մարդկանց բռնության ենթարկեն:
Չե՞ք վախենում, որ այսօր էլ կլինի երեկվա նման խուճապ:
-Ինչի երեկ խուճա՞պ է եղել:
Ցուցարարները մտածում էին, որ փոխհրաձգություն է սկսվել:
-Չէ, դրանք այդ կրակոցները չէին, դրանով զգուշացնում էինք, որ մյուս անգամ ժողովրդի վրա ձեռք չբարձրացնեք:
Այս նյութը դիտել են - 28060 անգամ