Թեեւ այսօր նոր հայտարարություն չի եղել Խորենացի փողոցում նախատեսվող հավաքի վերաբերյալ, սակայն մարդկանց հոսքը դեպի այնտեղ սկսվում է: Մեզ հետ զրույցում ակտիվիստները նշեցին, որ երեկվա հայտարարությունից հետո պլաններ չեն փոխվել:
Երեկ, «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը համացանցում«Երեւան, դուրս արի փողոց» անվամբ միջոցառում էր ստեղծել, որի կազմակերպիչներն առաջարկել էին ամեն օր ժամը 18.30-ին հավաքվել Էրեբունու ոստիկանությանը հարակից հատվածում:
«Բնականաբար, մասնակիցների մի մասը ցանկանում է այնտեղ մնալ շուրջօրյա, որ միշտ հսկողության տակ պահի իրավիճակը, և թույլ չտա ոստիկանությանը բռնի գործողություններ կիրառել «Սասնա Ծռեր» խմբի տղաների նկատմամբ: Ամեն մարդ ինքը կորոշի մնալ շուրջօրյա, թե՝ ոչ:
Անկախ նրանից, թե առանձին իվենթ կբացվի, թե՝ ոչ, մենք այս գրաֆիկը չենք փոխելու, այսինքն՝ ամեն օր ժամը 18:30-ից սկսելու ենք հավաքվել Էրեբունու ոստիկանությանը հարող հատվածում կամ մնալու ենք այնտեղ՝ ի զորակցություն «Սասնա Ծռեր» խմբի տղաների: Մենք ամեն ինչ անելու ենք, որ բացառվի որևէ ուժային լուծում ստեղծված իրավիճակում: Մեր նպատակն է աչալուրջ մնալ մոտակա մի շաբաթվա ընթացքում՝ մինչև հարցի անուժային հանգուցալուծումը:
Կհավաքվենք այն փողոցների խաչմերուկում, որտեղից այն կողմ արդեն ոստիկանությունը փակել է ճանապարհը բեռնատարներով՝ Խորենացի փողոցի վրա: Մենք համարում ենք, որ «Սասնա Ծռեր» խումբը պաշտպանում է, բացառապես, Հայաստանի ու նրա քաղաքացիների շահերը, այդ քայլին է գնացել, բացառապես այդ շահերից ելնելով , և նպատակ ունի ապահովել Հայաստանի ու Արցախի տարածքային անձեռնմխելիությունը ու ամբողջականությունը: Այդ խումբը հայտարարել է, որ չի ձգտում գալ իշխանության»,- ասվում էր խմբի տարածած հաղորդագրությունում:
Որոշ ակտիվիստներ երեկվա հավաքից հետո գիշերը հերթապահել են Խորենացի փողոցում ոստիկանների «կառուցած» պատնեշի մոտ:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին վաղ առավոտյան իրեն «Սասնա ծռեր» անվանող խումբը գրավել է Էրեբունիում գտնվող ՊՊԾ գնդի տարածքը եւ պատանդ վերցրել այնտեղ գտնվող ոստիկաններին: Խումբը հայտարարել է նաեւ, որ զինված ապստամբություն է սկսում՝ Սերժ Սարգսյանի եւ նրա ղեկավարած վարչախմբի հեռացման, ինչպես նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով:
Այս նյութը դիտել են - 6501 անգամ