Քաղաքագետը վստահ է, երկու կողմից էլ լինելու են զոհեր, քանի որ «հակառակ կողմում սիրողական մակարդակի զինյալներ չեն»:
2016-07-20 08:47:00

«Երբ չկա գոլորշին բաց թողնելու հնարավորություն, երբ կա ահռելի ճնշում վերևից ներքև, երբ որևէ բան չի փոխվում, երբ ժողովրդի հետ որևէ մեկը հաշվի չի նստում և վերաբերվում են արհամարհանքով և քամահրանքով և ամենաթողություն է, և նաև պատերազմ անցած երկիր է և մշտապես պատերազմի մեջ գտնվող, որտեղ կան զենքի մեջ գտնվող մարդիկ, ովքեր կռվել են բնականաբար, ինչ-որ պահի ճնշումը և լարումը պետք է դուրս գա, ինչ-որ մի կերպ պետք է արտահայտվի, դա համընդհանուր երևույթ է բոլորի հետ, բոլոր նմանատիպ իրավիճակներում գտնվող երկրներում նման բաներ եղել են և լինում են»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի զինված հարձակմանը  և դրա կանխատեսման հավանականությանն՝ ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է հանգուցալուծմանն, ըստ Մարտիրոսյանի, առավել հավանականը ուժայինն է, որը ենթադրում է գրոհ, այդ դեպքում, քաղաքագետը վստահ է, երկու կողմից էլ լինելու են զոհեր, քանի որ «հակառակ կողմում սիրողական մակարդակի զինյալներ չեն»:

Նման հանգուցալուծումը և նոր զոհերը կարո՞ղ են դառնալ այն կայծը, որը ժողովրդի կրիտիկական զանգված դուրս կբերի փողոց, հարցին ի պատասխան  քաղաքագետը նշում է, որ նման հարցերը երբևէ միանշանակ կանխատեսել հնարավոր չէ, քանի որ մի կողմից մենք ականատես ենք հասարակության քաղաքական ամորֆ վիճակի, մյուս կողմից կա շատ մեծ հասարակական դժգոհություն: Բայց մեկ հետևանք, ըստ քաղաքագետի, ակնհայտ է.

«Լարումը կհասնի չափազանց բարձր մակարդակի, կանցնի որոշ ժամանակ, բնականաբար իշխանություններն, ըստ իրենց տրամաբանության, պետք է անցնեն ավելի կոշտ միջոցառումների նկատմամբ, սկսեն ուժեղ վերահսկել այլախոհներին»:

Նաիրա Նալբանդյան

Այս նյութը դիտել են - 7228 անգամ