Արդեն չորրորդ օրն է՝ Էրեբունու ՊՊԾ գունդը գտնվում է ահաբեկիչների խմբի ձեռքում: Իշխանություններն առայժմ ձեռնպահ են մնում խնդիրը լուծել ուժային մեթոդներով: Փոխարենը նրանք այսօր հրապարակ նետեցին իրենց քարոզչական զենքերը՝ փորձելով այդպես ներգործել հասարակության ակտիվ հատվածի վրա:
Մեկը մյուսի հետևից լրատվամիջոցներով սկսեցին հանդես գալ այսպես կոչված մտավորականության ներկայացուցիչները՝ նկարիչներ, երգիչներ, գրողներ, արվեստագետներ, և բոլորը միաբերան հորդորում էին վայր դնել զենքերը, հանձնվել իրավապահ մարմիններին, իրավիճակից դուրս գալ առանց զոհերի ու կորուստների:
Այս «մտավոր» գրոհը գուցե թե արդյունավետ լիներ, եթե դրա կազմակերպիչները մի փոքր բծախնդրություն հանդես բերած լինեին և հասկանային, թե ընտրված անձանցից ով բարոյական իրավունք ունի դիմելու հանրությանը և ով պիտի մշտապես պահվի ստվերում: Կարծես թշնամու ձեռքն էր կատարել այդ ընտրությունը: Հանրապետությունում ինչքան վարկաբեկված, հեղինակազրկված մարդ կար, բոլորը ստացել էին ձայնի իրավունք: Եվ բնական է, որ արձագանքն էլ պիտի լիներ դրան համապատասխան: Մարդիկ ոչ միայն ցանկություն չունեին ականջ դնելու այդ չկայացած բարոյախոսներին, այլև իրենց զայրույթն ու զզվանքը թաքքցնելու որևէ պատճառ չգտան: Եվ եղավ այն, ինչ պիտի լիներ: Ունքը շինելու տեղ հանեցին աչքը:
Քարոզչական գրոհը խայտառակորեն ձախողված է: Համառորեն լռում են նաև պատգամավորներն ու ՀՀԿ-ականները: Ակնհայտ է, որ նրանք նախագահից խստագույն հրահանգ են ստացել՝ այս օրերին լեզուները պահել ատամների արանքում: Ոչ մեկը կարիք չունի հավելյալ հիմարություն լսելու: Առայժմ խրախուսվում է միայն խելամիտ լռությունը: