«Սասնա ծռերի» արածը քաղաքական ակտ է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով եւ հանգուցալուծումը պետք է լինի քաղաքական.
«Սերժ Սարգսյանը վերջապես պետք է դուրս գա հանրություն, սթափ ելույթ ունենա, տա իրավիճակի գնահատականը, տա ապագա քայլերը ոչ միայն կոնկրետ այս իրավիճակը հանգուցալուծելու, այլ դրա ծնող պատճառները հանգուցալուծելու համար եւ իր հեռացման ժամանակացույցը ներկայացնի»,- ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Ստեփան Դանիելյանը նկատում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել եւ պաշտպանում են զինված խմբի գործողությունները: Բայց սա «Էլեկտրիկ Երեւան» չէ եւ սրա հետեւանքները պարզապես ծանր է լինելու ցանկացած դեպքում.
«Եթե սա չբերի քաղաքական որակի, քաղաքական լուրջ խորքային փոփոխությունների, ապա ես վախենում եմ կանխատեսումներ անել, ապա կլինեն նոր եւ ավելի ծանր ողբերգություններ»,- նշում է քաղաքագետը:
Հնարավոր են արդեն ահաբեկչություններ, որոնց մեջ կարող են ներգրավված լինել ապօրինի ձերբակալվածների հարազատները, ինչպիսին ասենք՝ օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարի ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի երկու եղբայրներն են.
«Տրամաբանությունը ցույց է տալիս, որ արդեն չեն լինի պատանդներ եւ քաղաքական պահանջներ, այլ կլինեն իրոսք արդեն իսկական տեռորիստական գործողություններ»:
Ստեփան Դանիելյանն իր բացատրությունն ունի այն փաստին, որ քաղաքական գործիչներից այս գործընթացում ներգրավված է միայն Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հայաստանում, ըստ նրա, հստակ չէ՝ կա՞ն քաղաքական կուսակցություններ, թե չկան.
«Երբ որ նման ճգնաժամային իրավիճակներ են լինում, ապա ոչ միայն Հանրապետական կուսակցության, այլեւ ընդդիմադիր կուսակցությունների անդամները չեն կարող մեկնաբանել, կամ ետ են վարժվել քաղաքական միտք արտահայտելուց կամ քաղաքական կյանքի չգոյության արտահայտությունն է»:
Սակայն քաղաքագետը վստահ չէ, որ «Սասնա ծռերի» տղաների հաջողության հասնելու դեպքում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կլինեն իսկական հանգուցալուծում: Ինքն ավելի հոռետես է.
«Չեմ կարծում, որ եթե հիմա նույնիսկ արտահերթ ընտրություններ լինեն, մենք առանձնապես ընտրելիք ունենք»,- ասում է նա:
Վստահություն ունեցող կուսակցություններ կարծես թե չունենք, այստեղ դերակատարություն ունեցողները մի քանի հոգի էին,-թեման փակում է Ստեփան Դանիելյանը: