Ո՞վ ստեղծեց ներկա իրավիճակը
2016-07-21 09:03:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու մասին լուրի տարածվելու առաջին իսկ պահից բոլոր գործիչները, նույնիսկ ամենաընդդիմադիրներ դիրքորոշում ունեցողները դատապարտում, մերժում էին տեղի ունեցածը: Բոլորը դեմ էին զենքով իշխանություններին խելքի բերելու տարբերակին:

Իրավիճակն ամբողջովին գործող իշխանության օգտին էր: Իսկ ի՞նչ արեցին նրանք. իրավիճակը գնահատեցին իբրեւ իրենց աջակցություն եւ սկսեցին առիթն օգտագործելով՝ հաշվեհարդար տեսնել իշխանությունից տարբերվող տեսակետ ու ակտիվ պահվածք ունեցողների հետ:

Զանգվածային բռնարարքներ ու ձերբակալություններ սկսվեցին: Մի հարցում, սակայն, նրանք սխալվել էին: Մարդիկ, դատապարտելով զինյալների գործողությունները, ոչ թե աջակցում էին իշխող ՀՀԿ-ին, այլ նրանց դեմ պայքարի ընտրված ձեւը:

Արդյունքում երեկ արդեն ունեցանք կրակոցներով ուղեկցված բախումներ, բազում վիրավորներ (նախնական տվյալներով՝ տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան), եւ իրավճակը մի պահ ամբողջովին դուրս եկավ վերահսկողությունից:

Հանուն արդարության պետք է նշել, որ Անի անունով մի երիտասարդ աղջիկ իր պահվածքով հրահրեց երեկվա բախումը՝ ոստիկաններին վերջնաժամկետ ներկայացնելով: Այնուհետեւ նա տարածքից հեռացավ, իսկ խաղաղ ցուցարարները, ենթարկվելով սադրանքին, արյունալի բախումների գնացին ոստիկանների հետ: Ոստիկանները ստպված եղան հատուկ միջոցներ կիրառել: Իսկ հավաքները շարունակում են ավելի մարդաշատ դառնալ»:

Այս նյութը դիտել են - 4680 անգամ