Քաղաքական փոփոխություն կատարելու համար բռնությունը երբեք ընդունելի տարբերակ չի կարող լինել. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը:
Ինչպես ՝՝Սիվիլնեթ՛՛-ն է տեղեկացնում, Երևանի «Դաբլթրի Բայ Հիլթն» հյուրանոցում կազմակերպված քննարկումից հետո դեսպան Միլզը լրագրողների հետ ճեպազրույցում իր և դեսպանության անունից ցավակցություն է հայտնել Էրեբունի ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով զոհված ոստիկանի հարազատներին:
«Հայաստանում քաղաքական փոփոխություն կատարելու համար բռնությունը երբեք ընդունելի տարբերակ չի կարող լինել»,- ասել է դեսպանը:
«Ժամանակն է, որ բոլոր հայերի կողմից իրավունքի գերակայության նկատմամբ հարգանք դրսևորվի, որպեսզի իրավիճակը խաղաղ կերպով հանգուցալուծվի, ինչը կարծում եմ՝ բոլորի ցանկությունն է»,- նշել է Ռիչարդ Միլզը:
Ավելի վաղ, հուլիսի 19-ին ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը տված հարցին ի պատասխան նույնպես ասել էր, որ քաղաքական հարցերը չպետք է լուծվեն բռնությամբ:
Այս նյութը դիտել են - 4781 անգամ