ՊՊԾ գնդի տարածքում գիշերը հանգիստ է անցել, սակայն ներսում գտնվող անձինք այլ խնդիրներ ունեն: Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ինփոխանցեց, որ ունեն սննդի խնդիր, երկրորդ օրն է իրենց սնունդ չի փոխանցվում: Եւ բացի այդ, իրենց զրկել են նաեւ բժշկական օգնությունից, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկներին տարել են տարածքից, եւ ներկայումս ոստիկանական կուտակումներ կան, ինչն ըստ Վ. Ավետիսյանի, ենթադրությունների տեղիք է տալիս:
«Մեր մոտ գիշերը խաղաղ է անցել, բայց բժիշկներին տարան, էլ բժիշկ չեն ուղարկում, փոքր քանակությամբ սնունդ ու սիգարետ էին ուղարկում, դա էլ արդեն չեն ուղարկում արդեն երկրորդ օրն է, ու հասկանալի է, որ եթե բժիշկներին տանում են, այլեւս սնունդ չեն բերում ու սեղմում են օղակը, նշանակում է , որ հատուկ գործողության են պատրաստվում, ընդ որում, եթե տարածքից բժիշկներին են հանում, ուրեմն չթույլատրված մեթոդներով հատուկ գործողություններ պետք է կատարեն, հիմա այս պահին պարիսպների տակ արդեն կուտակված ոստիկանական ուժեր կան»:
Հիմնադիր Խորհրդարանի մամլո խոսնակն անդրադարձավ նաեւ ոստիկանական գործողություններին՝ նշելով, թե երբ բռնի ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամբ, շատերը ստացան վնասվածքներ, մի մասն էլ բերման ենթարկվեց:
«Մեր երկիրն օկուպացվել է յուրային տականքի ձեռքով եւ մեր ժողովրդին ենթարկում են կեղեքման, բռնությունների, արտագաղթեցնում են, դա փաստ է, որը ժխտել չի լինի: Հիմա մենք գործ ունենք ներքին թշնամու հետ, այսօրվա վարչախումբը ժողովրդի թշնամին է, եւ նրա հետ պետք է վարվել այնպես, ինչպես վարվում են ներքին թշնամու հետ, մեր ժողովուրդը պետք է դա գիտակցի եւ ավելի մեծ ուժով դուրս գա փողոց, ընդ որում ֆիզիկապես ոչնչացնի բոլոր նրանց, ովքեր ձեռք կբարձրացնեն իր վրա, սա ներքին Սարդարապատ է, եւ դա ժողովուրդը պետք է գիտակցի: Ես հավատում եմ մեր ժողովրդին: Ապստամբել է պետք, ուրիշ բան չկա, թշնամի են եւ վերջ, ապրել՝ մեռնելու համար, ուրիշ բան չկա: Մենք մեր անելիքն արել ենք ու կանենք, բայյց ժողովուրդն էլ պետք է իր անելիքն անի, սա համաժողովրդական պայքարի հարց է, ժողովուրդն ինքը պետք է իր ապագան կերտի, մենք կարող ենք օրինակ ծառայել, ամեն հարցում օգտակար լինել»,-եզրափակեց Վարուժան Ավետիսյանը:
Այս նյութը դիտել են - 4242 անգամ