Հուլիսի 21-ին՝ 03։00-03։30-ի սահմաններում, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում, օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնելիս մի քանի անձանց կողմից ծեծի է ենթարկվել «Iravaban.net» կայքի լրագրող Գեւորգ Թոսունյանը։ Նա գնացել էր մայրաքաղաքի Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության Պարեկապահակային ծառայություն գնդի գրավման հետ կապված՝ ցուցարարների եւ իրավապահ մարմինների գործողությունները լուսաբանելու։ Մասնավորապես, լրագրողը նկարահանել է դրվագ, երբ միմյանց վրա քարեր են նետել ակտիվիստները եւ մի խումբ քաղաքացիական հագուստով անձինք, Գեւորգ Թոսունյանի ենթադրությամբ՝ ոստիկաններ։ Վերջիններս, նկատելով, որ իրենց նկարահանում են, հարձակվել են լրագրողի վրա, քաշքշել են նրան, բազմաթիվ հարվածներ հասցրել, այնուհետև բռնությամբ վերցրել տեսախցիկի հիշողության քարտը։ Կատարվածի առնչությամբ Գեւորգ Թոսունյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
Այս միջադեպից երկու օր առաջ՝ հուլիսի 18-ին, նույն իրադարձությունները լուսաբանելիս համազգեստավոր ոստիկանը միտումնավոր հարվածել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արտակ Համբարձումյանին։ Երբ լրագրողն այդ մասին տեղեկացրել է դեպքի վայրում գտնվող բարձրաստիճան սպային՝ նա ցինիկաբար պատասխանել է, որ նման բան չի եղել։
Իրադարձությունների առաջին օրը՝ հուլիսի 17-ին, Ազատության հրապարակում ընթացող հավաքը լուսաբանող «4news.am» կայքի թղթակից Արթուր Հայրապետյանին լկտիաբար հայհոյող եւ ոտքով հարվածող ոստիկանը նույնպես հերքում էր, որ ապօրինի ուժ չի կիրառում լրագրողի նկատմամբ՝ զուգահեռ շարունակելով բռնությունը։ Ոստիկանը խլել է լրագրողի հեռախոսը, որը վերադարձվել է նկարահանումները ջնջած վիճակում միայն։
Նկարահանած կադրերը ոչնչացնելու մասին հաղորդել է նաեւ «Lragir.am» կայքի թղթակից Թեհմինե Ենոքյանը, որի աշխատանքը նույնպես խոչընդոտվել է։
Մենք՝ ներքոստորագրյալներս, արտահայտելով մեր վրդովմունքը լրագրողների նկատմամբ հերթական անգամ կիրառվող ապօրինի բռնությունների առնչությամբ, եւ հիշեցնելով, որ չեն մոռացվել 2015 թ. հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ իրականացված վայրագությունները, պահանջում ենք.
-ՀՀ ոստիկանությունից՝ անհապաղ դադարեցնել ոչնչով չարդարացված բիրտ ուժի կիրառումը եւ տարատեսակ խոչընդոտումները մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների եւ օպերատորների նկատմամբ, երկրի համար այս օրհասական պահին էլ ավելի չլարել իրավիճակը, բարենպաստ պայմաններ ստեղծել հասարակական կարևորագույն նշանակություն ունեցող իրադարձությունները պատշաճ լուսաբանելու համար։
– ՀՀ դատախազությունից՝ ԶԼՄ-ների հրապարակումների, ինչպես նաեւ սույն հայտարարության փաստերի հիման վրա քրեական գործ հարուցել ոստիկանների կողմից լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու եւ ապօրինի ուժ կիրառելու փաստերով։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
Այս նյութը դիտել են - 6578 անգամ