Ինչո՞ւ Է Նիկոլը խաղից դուրս գալիս
2016-07-21 11:57:00

Ինչո՞ւ Է Նիկոլը խաղից դուրս գալիս

Այսօր միանգամից երկու անսպասելի տեղեկություններ հաջորդեցին մեկը մյուսին: Նախ, տեղեկացվեց այն մասին, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին զգուշացրել են, որ խփելու են հենց փողոցում` մարդկանց մեջ:

Այս ամենի նպատակը, ըստ ամենայնի, վիճակը ապակայունացնելն է:

Միաժամանակ նշվում էր, թե այդ ահազանգը Նիկոլին է փոխանցել բարձրաստիճան, բայց արդեն նախկին մի ոստիկան:

Հասկանալի է, որ սա մի լուր է, որի հավաստիությունը ստուգելը պարզապես անհնար է: Բայց, ինչպես տեսնում ենք, նա շատ արագ աշխատեց:


Գրեթե միաժամանակ Նիկոլի մասին հանկարծ դառը խոսքեր հնչեցրեց Երևանի ՊՊԾ գունդը գրաված խմբավորման անդամներից Պավլիկ Մանուկյանը, որի բնորոշմամբ, Փաշինյանն ու նրա համախոհները «ղախպի» տղեքն են, որոնք արդեն «քանի տարի էս ժողովրդին խաբել են անունների տակ, կարելի է ասած՝ քցել են ժողովրդին»:


Այս ամենից հետո, բնական է, որ պիտի հաջորդեր Փաշինյանի արձագանքը: Եվ դա էլ չուշացավ: Ընդդիմադիր պատգամավորը ուղղակի հայտարարեց. «Եթե ես խանգարում եմ իրենց Հայաստանում իշխանափոխություն անել, ապա դիմում եմ Հիմնադիր խորհրդարանի անդամներին, որպեսզի վերլուծեն, թե ինչ էր իրենց վիճակը, քանի դեռ ես մուտք չէի գործել այնտեղ: Եթե ուզում են իշխանափոխություն անել, խնդրեմ, թող անեն, ես իրենց չեմ խանգարի, բայց մենք կգտնենք ձևը, որպեսզի մեզանից կախված ամեն ինչ անենք, որ ոչ Վալերի Օսիպյանի, ոչ էլ Պավլիկ Մանուկյանի գլխից մի մազ չպակասի, բայց վախենամ, որ երեկվա գործողությունները և հետագա հայտարարությունները այդպիսի հանգուցալուծման տանելու հնարավորությունները որոշակիորեն սահմանափակեցին»։


Դեպքերի նման զարգացումը ոչ մի կերպ չի բխում անցած 4 օրերի տրամաբանությունից, երբ փաստացի զինյալների ու ոստիկանների միջև կանգնած միակ պատգամաբերը Փաշինյանն էր ու գրեթե կարողանում էր իրավիճակին տիրապետել: Ըստ այդ մնում է ենթադրել, որ իրավիճակը ենթարկվել է կտրուկ փոփոխության: Խաղադաշտ են վերադառնում ավելի ազդեցիկ դեմքեր, և Նիկոլը պիտի վերադառնա պահեստայինների նստարանին: Բայց որպեսզի վերադարձն այնքան անփառունակ չլինի, որքան չէր ցանկանա Փաշինյանը, ուրվագծվել է այսպիսի մի տպավորիչ եռաքայլ կոմբինացիա՝ մահափորձի վտանգ, զինյալների դժգոհություն, Նիկոլի պատվաբեր նահանջ: Սա կարծես թե հարմար սցենար է նրա համար:


Կա ևս մի ենթադրություն, որը նույնպես արժանի է ուշադրության: Չի բացառվում, որ շուտով կլինեն այնպիսի զարգացումներ, որոնք կարող են փոշիացնել Նիկոլի 4 օրերի ջանքերը: Եվ որպեսզի նա անկորուստ դուրս գա այդ ցնցումներից, նախապատվությունը տալիս է այս խաղաղ հեռացմանը: Ստացվում է, որ հեռանում է ոչ թե ինքը, այլ մարդիկ այլևս չունեն իր կարիքը, իսկ Նիկոլը համեստ տղա է, չի պարտադրի իր անձը: Գեղեցիկ հրաժեշտ, գեղեցիկ ավարտ տրագիկոմեդիայի համար:

shame.am

Այս նյութը դիտել են - 3786 անգամ