Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի կարող թաքցնել ուրախությունը, որ Հայաստանում վիճակը վատ է
2016-07-21 13:17:00



Ոչխարները սատարում են ահաբեկչությանը

Քոչար Օսկանյան

 

Արա Աբրահամյանը լսել է կրակոցների ձայնը

 Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի կարող թաքցնել ուրախությունը, որ Հայաստանում վիճակը վատ է: Այն օրից ի վեր, ինչ նրան բացատրեցին, որ ինքն այս երկրի քաղաքական կյանքում անելիք չունի, Աբրահամյանը մխիթարվում էր այն հույսով, թե մի բան կպատահի ու ինքը կկարողանա ասել՝ «Տեսա՞ք, ես ձեզ զգուշացնում էի»: Իսկ հիմա ճիշտ այդ պահն է: Դրա համար էլ նա շտապ-շտապ գրիչ է վերցրել ու հեռուներից մի նամակ է գրել:«Անընդունելի է հայը հայի դեմ երևույթը: Որքան էլ խմբի անդամները համոզված լինեն իրենց գործողությունների ճշմարտացիության մեջ, զենքի ուժով պարտադրանքն ընդունված չէ քաղաքակիրթ աշխարհում: Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով պետության և ազգի շահերը, դիմում ենք իշխանություններին, իրավապահ մարմիններին շարունակել պահպանել խոհեմությունը և, բացառելով հնարավոր արյունահեղությունը, գնալ հանգուցալուծման, օգտագործելով միայն խաղաղ միջոցներ»,- ահաբեկիչներին ու իշխանություններին դասեր է տալիս մեծ ստրատեգը, կարծես առանց իր խորհուրդների երկրում չի գտնվի մի խելոք մարդ, որ այդ պարզագույն բաները հասկանա:


Սակայն Արա Աբրահամյանը սա էլ է քիչ համարում: Նա դեռ էլի ասելիքներ ունի, նա պիտի անպայման խայթի իշխանություններին, որպեսզի իր բավարարվածությունը լիարժեք լինի: Եվ այդ պատճառով էլ շարունակում է. «Գտնում ենք, որ հասարակությունը պահանջ ունի երկխոսելու երկրի բարձրագույն ղեկավարության հետ ներքին և արտաքին քաղաքականության իրենց հուզող խնդիրների մասին, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող պարզաբանումների մասին:

Ընդդիմության և հասարակության հետ երկխոսության մեխանիզմի ձևավորումը կփոխի մթնոլորտը երկրում, ինչը կբացառի հիմնախնդիրների լուծումը փողոցում, այն էլ ուժի կիրառման սպառնալիքով»:


Արա Աբրահամյանի բաց նամակի ողջ բովանդակությունն ամփոփվում է մեկ մտքի մեջ. Հայաստանի իշխանությունները խոշոր բացթողումներ ունեն, ինքն այդ բացերը նկատում է, և քանի որ Հայրենիքի համար կյանքը զոհաբերելու պատրաստ տղա է, անմիջապես դրա մասին տեղեկացնում է, այլապես ոչ մի բան էլ չէր գրի:

Ի վերջո, Մոսկվայում հանգիստ, ապահով ապրում է, Երևանի կրակոցներն իրեն ի՞նչ:

Բայց Աբրահամյանին ճանաչողները հո լա՞վ գիտեն, որ գրառումն ավարտելուց հետո սրտի թրթիռով սպասում է, թե Հայաստանից էլ երբ վատ լուրեր կստանա, որ նորից միջամտի ու նորից հիշեցնի իր «անփոխարինելի» գոյությունը:

Քանզի Հայաստանից վատ լուրը պրն Աբրահամյանի համար Մոսկվայում գրեթե նույնն է, ինչ առվույտը (յոնջա)` Արագածի ստորոտներում և Արարատյան դաշտավայրում բնակվող ոչխարների:  

shame.am

Այս նյութը դիտել են - 4005 անգամ