Դեսպան Չարչօղլյանը հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին
2016-07-21 13:59:00

Հուլիսի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն իր հավատարմագրերը հանձնեց Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին։

Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ նախագահ Պավլոպուլոսը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց առաքելության իրականացման ընթացքում: Նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Չարչօղլյանն իր ակտիվ գործունեությամբ էլ ավելի կամրապնդի հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունները` միաժամանակ իր աջակցությունը հայտնելով դեսպանին իր առաքելության իրականացման գործում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և իր առաքելությանն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար՝ դեսպան Չարչօղլյանը Հունաստանի նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները` ընդգծելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Հունաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում սերտ համագործակցության ամրապնդմամբ, ընդարձակմամբ ու շարունակականությամբ:

Նախագահ Պավլոպուլոսի խնդրանքով դեսպան Չարչօղլյանը ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:

Այս նյութը դիտել են - 3435 անգամ