Չարիքի իշխանությունից պետք է ազատվել.Պավլիկ Մանուկյան
2016-07-21 16:13:00

Հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» ջոկատի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումից հետո կանխատեսելի էր, որ իշխանությունները դիմելու են բռնությունների ավանդական մեթոդներին եւ ցրելու են ցուցարարներին։ 

Hraparak.am-ը զրուցեց «Սասնա ծռեր» ջոկատի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի հետ։

-Պարոն Մանուկյան, սպասու՞մ էիք, որ իշխանությունները կդիմեն բռնությունների։

-Սպասելի էր, ժողովուրդը պատանդի վիճակում էր։ Եթե դու պատանդ ես, ապա ինչպես կուզենան, կվերաբերվեն իրար։ Հիմա մենք պետք է անպայման միանանք իրար։ Դրա համար հիմա մեզ օղակի մեջ են վերցրել, ժողովրդին՝ նույնպես, երկու օղակ է առաջացել, իսկ օղակը պետք է բացել։ Անպայման պետք է այսօր ավելի հզոր ալիք լինի։

-Այդքան խոսում են բանակցություններից, ԱԺ պատգամավորներ էլ եղան, որ այցելեցին Էրեբունու տարածքում հավաքված ցուցարարներին։ Ինչու՞ տեղի ունեցան բռնություններ, ի՞նչ եք պատրաստվում անել։ -Ոչ մի բան։ Բացի Նիկոլ Փաշինյանից, հիմա ոչ մեկին թույլ չեն տալիս մոտենալ։ Բոլոր տեսակի բաներն արգելված են։

-Իսկ սննդի հարցն ինչպե՞ս լուծվեց։

-Սնունդ չկա, չեն բերում, բժիշկներին հեռացրեցին։

-Լավ, հիմա, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է արվեն այս լարված իրավիճակում։

-Ես կմեռնեմ, բայց դուրս չեմ գա, ժողովրդի հետ պետք է մնանք, այլընտրանք չկա։

-Իսկ բանակցություններ ընթանու՞մ են։

-Ոչ, իհարկե, չկան։

-Բայց կային մարդիկ, որ հայտարարում էին բանակցությունների մասին, որ հանկարծ արյունահեղություն չլինի։ Նույնիսկ Լեռնային Ղարաբաղից էր նման առաջարկ եղել։

-Ո՞վ։

-Օրինակ՝ ԼՂՀ հասարակական գործիչ Վահան Բադասյանը։

-Վահան Բադասյանը երեք օր է, ինչ Երեւանում է, բայց իրեն թույլ չեն տալիս, որ գա մեզ հետ հանդիպման։

-Գտնվեցին մտավորականներ, որոնք կոչ արեցին Ժիրայր Սեֆիլյանին՝ հորդորել իր ընկերներին զենքը վայր դնել եւ հանձնվել իրավապահներին։

-Ոչ, երբե՛ք, մոռացե՛ք, նման բան չի լինելու։ Դուք քիչ առաջ մի հետաքրքիր բան ասացիք՝ մտավորական։ Մենք ունե՞նք մտավորական, մենք մեր մտավորականներին կորցրել ենք ցեղասպանությունից հետո։

-Անցած գիշեր արդեն մեծ թվով մարդկանց են բերման ենթարկել, իշխանությունն անցել է բռնությունների։ Ի՞նչ եք պատրաստվում անել, այնուամենայնիվ։

-Մենք ավելի հեռուն ենք գնալու, մենք կմեռնենք, բայց կմեռնենք սեփական ժողովրդի ոտքերի տակ։ Եթե մեր ժողովուրդը դուրս է եկել եւ արյուն է թափել, ապա մենք իրավունք չունենք այդ արյունը կորցնելու։ Բոլոր տղաների արյունը վաճառքի են հանել։ Կմեռնենք, բայց մեր արյունը կխառնենք թափված արյան հետ։

-Քանի օր է, ինչ հայտնի չէ «Հիմնադիր խորհրդարան»-ի համակարգող Գարեգին Չուգասզյանի գտնվելու վայրը, որը մինչ այդ ակտիվ գործունեություն էր ծավալում։ Նա գրառումներ է անում Ֆեյսբուքում, հարցազրույց է տվել ԶԼՄ-ներին։ Փորձե՞լ եք կապ հաստատել իր հետ, չգիտե՞ք, թե որտեղ է գտնվում։

-Աղջիկ ջան, Դուք մոռացե՞լ եք, որ մենք արտաքին կապից կտրված ենք։ Գիտեմ, որ Հայաստանում է, Երեւանում է։

-Դուք շարունակելու՞եք պնդել ու պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը։

-Ոչ թե պահանջելու ենք, այլ գնալու ենք դրա հետեւից, մեր կյանքի գնով հասնելու ենք դրան։ Չարիքի իշխանությունից պետք է ազատվել։

Թագուհի Հակոբյան

hraparak.am

Այս նյութը դիտել են - 1766 անգամ