Մասնավորապես, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները ներկայումս անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող իրենց հանցակիցներին, կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող սադրիչ և հանցավոր գործողություններ:
Մասնավորապես, այս կապակցությամբ հուլիսի 21-ին ձերբակալվել է Վ. Գ.-ն, ով ապօրինի կերպով զենք, այդ թվում՝ նռնակ կրելով փորձել է հասնել Խորենացի փողոցի արգելափակված հատված, սակայն նրա հանցավոր գործողությունները խափանվել են մինչև նշված վայր հասնելը:
Բացի այդ, հուլիսի 22-ին ձերբակալվել է Մ.Ա.-ն, ով փորձել է բենզինով և յուղով շշալցված պայթուցիկները («մոլոտովի կոկտեյլ») պոլիէթիլենային տոպրակներով տեղափոխել Խորենացի փողոցի արգելափակված հատվածը և դրանք օգտագործել պատեհ առիթի դեպքում:
Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ զինված խմբին հանցակցելու իրական մտադրություններ ունեցող այլ անձինք ևս անհատականացված են և ներկայումս գտնվում են իրավասու պետական մարմինների մշտադիտարկման ներքո: Նրանց հնարավոր հանցավոր գործողությունների կասեցման կամ խափանման համար ձեռնարկվում են օրինական և հասանելի բոլոր միջոցները:
Նկատի ունենալով վերոնշյալը, Ազգային անվտանգության ծառայությունը խստագույնս հորդորում է քաղաքացիներին մարդկանց կուտակումների վայրերում դրսևորել շրջահայացություն, տարօրինակ վարքագիծ կամ կասկածելի առարկաներ նկատելու դեպքում անհապաղ լքել համապատասխան տեղանքը և այդ մասին անմիջապես տեղյակ պահել իրավապահ մարմիններին: