Օրհասական պահերին նախագահի աթոռը փաստացի զբաղեցրած անձը՝ Սերժ Սարգսյանը, գերադասում է թաքնվել հասարակությունից: Այդպես եղավ ապրիլյան պատերազմի օրերին, այդպես է հիմա, երբ չնայած 5-օրյա լարված իրավիճակին, նախագահականից միայն այսօր է ժամանակավրեպ տեսակետ հնչել:
Հիշեցնենք, որ երեկ ԳԱԼԱ-ն գրավոր հարցում էր ուղարկել Սերժ Սարգսյանին՝ պարզելու համար նրա գտնվելու վայրը եւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիքը:
Նամակ ուղարկվեց Սերժ Սարգսյանին՝ Բաղրամյան 26 հասցեով, նաեւ նախագահականի կայքէջում զետեղված հատուկ բաժին, որտեղ ՀՀ քաղաքացիները կարող են գրավոր արտահայտել իրենց կարծիքը, տեսակետը եւ դիրքորոշումը: Հարցումն ուղարկվեց նաեւ նախագահական ապարատի էլեկտրոնային մի շարք հասցեներով: Հարցման բովանդակությունը հրապարակվեց նաեւ բաց տեքստով:
Սերժ Սարգսյանի մամլո խոսնակն այսօր ԳԱԼԱ-ին փոխանցել է հետեւյալը, որ հարցումը պատշաճ չէ ձեւակերպված, հարցման մեջ կան բովանդակային կասկածելի ձեւակերպումներ, մանրամասնելով, որ խոսքը «ՀՀ նախագահի աթոռը փաստացի զբաղեցնող անձ» արտահայտության մասին է:
Վլադիմիր Հակոբյանը նաեւ նշում է, որ ՀՀ գործող Սահմանադրության մեջ չկա նման ձեւակերպում, իսկ Հայաստանն իրավական երկիր է՝ համաձայն ՀՀ Սահմանադրության:
Արմենուհի Վարդանյանը հակադարձում է, որ եթե Հայաստանը լիներ իրավական պետություն, մենք կունենայինք լեգիտիմ նախագահ. «Հիշյալ արտահայտությունը շատ խոցել է նախագահական նստավայրի աշխատակիցներին, Վլադիմիր Հակոբյանին: Նա համարում է, որ սա պատշաճ ձեւակերպում չէ, ընդ որում, բացատրում է, թե ինչու պատշաճ ձեւակերպում չէ՝ նշելով, որ Սահմանադրության մեջ չկա նման ձեւակերպում: Իհարկե, ցավալի է, որ իշխանությունները նեղն ընկած տեղն են միայն հիշում գործող Սահմանադրությունը եւ սկսում ցիտել Սահմանադրության որոշ դրույթներ: Ես ուզում եմ հիշեցնել, որ նույն այդ Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, նույն Սահմանադրության Հոդված 27-ը սահմանում է մարդու անձնական ազատությունները: Եվ ես իմ կարծիքն եմ արտահայտել, այո, որպես լրագրող եւ որպես ՀՀ քաղաքացի»: