Բավական է ասեք մտավորականներ Նունեն ,Շուշանը,Ալլան եւ անմիջապես անեկդոտ կստացվի
2016-07-22 12:46:00

Միանգամից ասենք, որ արդեն ժամանակն է կամ վաղուց է ժամանակը, որ մենք ազատվենք մտավորականներից կամ հասկանանք, որ երգ գրողը, նկարիչը, բեմի վրա մերկ կամ կիսամերկ թռվռացողը, ամսագրերում մերկ կամ կիսամերկ լուսանկարվող երգչուհիները կամ տիկնիկներ խաղացողն ու երաժշտություն գրողները մտավորականներ չեն:

Նրանք կարող են լավ կամ վատ երգել, վատ կամ լավ նվագել, բայց մտավորական լինելու համար մարդը պետք է տեսակետ ունենա, սկզբունքներ, գաղափարներ եւ իշխանությունների ոտքի տակի փալաս չլինել, որ երբ ինչ ասեն վազելով կատարեն: Մտավորականը կարող է եւ երգ կամ ոտանավոր չգրել, բայց ունենալ հայացքներ, գաղափարներ եւ գրեթե միշտ պետք է լինի ընդդիմադիր իշխանություններին: Ավելի պատկերավոր լինելու համար ասենք, որ մտավորականը պետք է իշխանության խիղճը լինի:

Հիմա եկեք համոզեք հայ ժողովրդին, որ Նունեն կամ Շուշանը մտավորականներ են: Բավական է ասեք մտավորականներ Նունեն եւ Շուշանը եւ անմիջապես անեկդոտ կստացվի: Կամ ինչ մտավորական Հովհաննես Չեքիջյանից, որը միշտ համաձայն է իշխանություններին: Նույնը կարելի է ասել եւ Պերճ Զեյթունցյանի եւ մյուսների մասին, ովքեր իշխանությունների հանձնարարականով նամակ են գրել Ժիրայր Սեֆիլյանին, խնդրելով հորդորել իր ընկերներին՝ վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին: 

Վստահ ենք, որ նամակը որեւէ մեկը չի կարդացել կամ կարդացել են շատ քչերը: Ասել են, թե պետք է ստորագրեք, որ արյուն չհեղվի եւ Ալլան, Նունեն, Շուշանը, Արեւիկը, Նանեն, Սոնան եւ մյուսները դողդղացող ձեռքերով ստորագրել են, հոգու խորքում ակնկալելով, որ դրա դիմաց ինչ որ ժամանակ անց ինչ որ հարցում աջակցություն կստանան իշխանություններից:

Հայաստանին արմատական փոփոխություններ են պետք նաեւ այս տեսակի մտավորականներին հրաժեշտ տալու համար: Իսկապես վիրավորական է, երբ ասում են, թե Ռուբեն Մաթեւոսյանը մտավորական է: Ժամանակին նա լավ երգում էր, բայց դա չի նշանակում, թե նա մտավորական է: Նույնը կարելի է ասել նաեւ Լեւոն Մալխասյանի եւ մյուսների մասին:

Զավեշտն այն է, որ նամակը սկսվում է այսպես. «Հարգելի Ժիրայր»: Եթե դուք իշխանությունների հետ համաձայն եք, որ Ժիրայրը հանցագործ է, ապա հանցագործի հարգելին ո՞րն է, եթե համաձայն չեք, ապա նույն կազմով նամակ գրեք Սերժ Սարգսյանին եւ պահանջեք, որ ձեր կողմից հարգված Սեֆիլյանին ազատ արձակեն: Իսկ եթե դուք պնդում եք, որ դուք մտավորական եք, ապա ո՞ւր էիք այն ժամանակ, երբ խայտառակ ձեւով կեղծվեց սահմանադրական հանրաքվեն:

Ինչո՞ւ բաց նամակով չդիմեցիք Սերժ Սարգսյանին:

Եւ հետո չարդարանաք, թե տեքստը չեք կարդացել եւ ստորագրել եք, որ արյունահեղություն չլինի: Դուք ութ տարեկան երեխաներ չեք, որ ձեզ ասեն, իսկ դուք ստորագրեք: Վաղուց արդեն մեծացել եք: 

Վարդան Մխիթարյան

top-news.am

Այս նյութը դիտել են - 7422 անգամ