Շուրջ 150 ժամ է անցել Երեւանի Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպից, որտեղ զինված խմբի անդամները ոստիկանության ՊՊԾ գնդում պատանդ են պահում մի քանի ոստիկանների:
Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ ու խաղաղ է անցել, բախումներ չեն գրանցվել, այս պահին փողոցի այդ հատվածում քիչ մարդ կա, նրանք արեւածագը դիմավորել են Խորենացի փողոցում:
Նախօրեին երեկոյան Խորենացի փողոցը կրկին բազմամարդ էր, որոնք եկել էին իրենց աջակցությունը հայտնելու ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին: Այստեղ ելույթ են ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեգ Ենիգոմշյանն ու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հայտարարել է, որ թույլ չի տալու ալկոհոլ օգտագործած անձանց գտնվել տարածքում։ Փաշինյան նաեւ առաջարկել է ամեն օր ժամը 20-ից 22-ը հավաքվել Խորենացի փողոցում։ Նա հայտարարել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ամոթալի հայտարարություն է արել, նա դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ լավրովյան պլանն իրագործելու համար:
Նախօրեին զինված խմբի հետ հանդիպել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը. Նա նշել է, որ ՊՊԾ գնդում գտնվողների սննդի, դեղորայքի հետ կապված խնդիրները կարգավորվում են:
Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Պատանդները պետք է ազատ արձակվեն, զինված խումբը պետք է վայր դնի զենքը: «Մենք գործում ենք եւ գործելու ենք համբերատար: Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տեւում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ»,-ասել է նա:
Նշենք, որ արդեն 7-րդ օրն է, որ «Սասնա ծռեր» խումբը Էրեբունիում գրոհով վերցրել են ոստիկանության ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ եւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը: Մինչ այժմ իրականացվող գործողության շրջանակներում ազատվել է հինգ անձ: Այս պահին պատանդների թիվը 4 է, որոնց թվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Հուլիսի 20-ին բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: 51 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Բերման է ենթարկվել 136 մարդ, ձերբակալվել է 16-ը:
Այս նյութը դիտել են - 4623 անգամ