Թող աշխարհը մեղադրի ինձ, որ արտասվել եմ, ինձ հետ նաև՝ մի ամբողջ դասարան
2016-07-23 02:34:00
Ամառային արձակուրդի այս օրերին կարծես ուզում եմ մի փոքր կտրվել հայաստանյան ծանր իրադարձություններից, մի բան, որ բոլորի հոգում նստվածք է տվել, և ուզում ենք օր առաջ լուծվի այս հարցը խաղաղ ու հանդարտ, և ամենուր լսվի արդարության ձայնը: Նորից թերթում եմ իմ աշակերտների անցած օրերի գրառումները: Երբեմն ժպտում եմ, երբեմն՝ լրջանում, երբեմն հոգիս խռովահույզ է դառնում… Այս օրերին համահունչ՝ կարծես փորձում եմ գտնել մի փոքրիկ լույս, որ կարողանամ անցնել այն ճանապարհը, որ խախուտ է, խորդուբորդ, հույզերով լի, բայց հուսահատ կանգ եմ առնում կես ճանապարհին:
 
 
Դասագրքում տրված առաջադրանքի համաձայն` տնային աշխատանք էի հանձնարարել վեցերորդ դասարանում` գրել որևէ գրողի` մորը նվիրված բանաստեղծություն: Իրար հերթ չտալով` համարյա բոլոր աշակերտները կարդացին տարբեր բանաստեղծություններ, բայց Գևորգը՝ այդ սակավախոս, ինքնամփոփ, թախծոտ հայացքով իմ սանիկը, ձայն չէր հանում: Կողքին նստած աշակերտուհին ասաց, որ նա իր զոհված հայրիկի մասին է գրել՝ Դավիթ Պետրոսյանի, մարդ, որ Արցախյան պատերազմի մարտական փայլուն ճանապարհ է անցել: Փորձեց կարդալ, բոլորս լսողություն դարձած` ապասում էինք, միայն առաջին տողը հազիվ լսելի եղավ մեզ, ապա լռեց: Մոտեցա նրան, գլուխն օրորեց` ի համաձայնություն իմ առաջարկությանը` գուցե ե՞ս կարդամ:
 
 
Շարադրանքը վերնագիր ուներ, կարդացի` ՀԱՅՐՍ, մի պահ կանգ առա, ապա շարունակեցի...Դասարանի քար լռությունը հանկարծ ճեղքվեց թղթին հանձնված նրա տողերով. «Չգիտեմ ինչու, բայց ես միշտ ուզում եմ հայրիկիս մասին գրել, երևի դա նրանից է, որ նրան շատ եմ կարոտում: Հայրս ինձ համար մեծություն էր, ես նրան միշտ հիշում եմ: Երբ գալիս էր տուն, միշտ ինձ հետ խաղում էր, ես կարոտում եմ այդ խաղերը: Ինչքա՜ն կուզենայի` հայրս մեզ հետ լիներ: Քույրս միշտ ասում է. «Մա՛մ, պապան ե՞րբա գալու…»: Ես գիտեմ, որ երբեք չի գալու, բայց չեմ կարող քրոջս ասել այդ մասին, նա դեռ շատ փոքր է, երբ մեծանա, ամեն ինչ կհասկանա»:
 
 
Անզորությունից սպառված` ազատություն տվեցի արցունքներիս, այս անգամ չստացվեց, չկարողացա թաքցնել: Դասարանում համատարած տխրություն էր, միայն հեկեկոց էր լսվում: Թող աշխարհը մեղադրի ինձ, որ ուսուցչուհիս այդ օրն արտասվել է, ինձ հետ նաև՝ մի ամբողջ դասարան…
 
 
Նատաշա Պողոսյան
Արցախի վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլադիմիր Բալայանի
անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
 
Այս նյութը դիտել են - 7372 անգամ