Հանրապետական կուսակցության ԳՄ նիստին ներկայացած պաշտոնյաները ջանում էին չշփվել լրագրողների հետ՝ պահպանելով վերջին օրերի աննախադեպ լռությունը:
Արդեն հասկանալի էր, որ նրանց բոլորին խստագույն հրաման էր տրված՝ որևէ կարծիք չհայտնել ահաբեկիչ խմբի և Խորենացու փողոցում ծավալվող իրադարձությունների մասին:
Եվ ահա այս լռության ուխտի ֆոնին նիստից 10 րոպե առաջ ՀՀԿ գրասենյակի մուտքին մոտեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Հավաքվածները սպասում էին, որ սա ևս անաղմուկ ներս կսողոսկի, սակայն քաղաքապետ Տարոնը խրոխտ հայացքով նայեց լրագրողներին և ասաց. «Վերջում կիջնեմ կխոսամ» ու մտավ շենք։
Զարմանք բան էր: Մարգարյան Տարոնից նույնիսկ խաղաղ օրերին բառ պոկելը լուրջ բարդություններով էր ուղեկցվում: Իսկ հիմա, արի ու տես, որ նա ինքնակամ, բոլորից առանձին պատրաստ էր կիսվել տպավորություններով։ Եվ ապշած լրագրողները սկսեցին սպասել մինչև նիստի ավարտը:
Նիստն ավարտվեց, բոլորը դուրս եկան, իսկ քաղաքապետը հետնամուտքից սուսուփուս ծլկեց: Մարգարյան Տարոնի լոպազության բռնկումը վայրկյանների կյանք էր ունեցել: Հավանաբար, ներսում նրան հանրամատչելի ձևով բացատրել էին սեփական նշանակությունն ու արժեքը, նա էլ խելքը գլուխն էր հավաքել ու որոշել էր ինչքան կարելի է շուտ գլուխն առնել ու փախչել շառուփորձանքից: