Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանի կինը`Սոնա Թամարյանը, պատրաստվում է վերադարձնել ամուսնու շքանշաններն ու պարգևները...
2016-07-23 11:42:00

 Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանի կինը`Սոնա Թամարյանը, պատրաստվում է վերադարձնել ամուսնու շքանշաններն ու պարգևները, եթե մինչև երկուշաբթի ամուսնուն չազատեն ապօրինի կալանքից:

Այս մասին Թամարյանն ասել է USArmenianews.com կայքի թղթակցի հետ զրույցում:
Նա նշել է, որ արդեն 3 օր է` ամուսնուն որպես պատանդ պահում են միայն նրա համար, որ վերջինս Արայիկի եղբայրն է:
«Ոչ մի հոդված չկա, իրենք ասում էին, որ 3 օրում որոշելու են` ինչ են անելու, մեր ոստիկանապետն ասաց, թե գնալու է ամուսնուս բերի ու հանձնի Ռիմա մայրիկին, պահենք տանն ու չթողնեք ոչ մի տեղ գնա, բայց պարզվում է, որ երեկ փակ դատ են արել, միանգամից, առանց տեղեկացնելու, ուղարկել Սովետաշեն»:
Կնոջ խոսքով` Արարատին ձերբակալել են Ազատության հրապարակի սրճարաններից մեկում:
«Ինքը եղբոր համար մասնակցել է ցույցերին, դա է կալանավորման պատճառը: Քննիչ Կարապետյանն ասում էր` Արարատը լավ տղա է, ոչ մի վատ բան չի արել, նայենք` ինչ կլինի, բայց հիմա երկամսյա կալանքի են ենթարկում»,- ասել է մեր զրուցակիցը:
Վերջինս շեշտել է, որ սկեսուրն այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և եթե բան պատահի, պատասխանատվությունն ընկնելու է իշխանությունների ուսերին:
«Ես չգիտեմ` ինչ եմ անելու, թող վերադարձնեն Արարատին, գա հասնի մորը: Մենք ոչնչի հնարավորություն չունենք` հաց կամ հագուստ տանելու, դոմիկում ենք ապրում, ունենք երկու հիվանդ, ոչ մի րոպե նրանց մենակ թողնել չեմ կարող: Միայն մի բան կա` մեդալներն են, որ ամեն պահի ես ու սկեսուրս պատրաստ ենք հանձնել: Արարատն էր միակ պահողը, նա էլ փակի տակ է, ի՞նչ անեմ, ո՞նց վարվեմ: Արագածի Ծաղկահովիտ համայնքում ենք բնակվում, անգամ չեմ կարողանում Երևան հասնել, որ դիմեմ պատկան մարմիններին», -ասել է Թամարյանը:
Նա նաև հավելել է, որ ձերբակալման պահին պայթյուն է որոտացել և այրվել են Արարատի հագուստները ու ամուսինը բժշկի կարիք ունի:
«Վնասվել են ձեռքերը, ոտքերը և աչքերը, չթվարկեմ մյուս մի շարք հիվանդությունները, որոնք ստացել էր պատերազմի տարիներին: Մեկ երիկամով նա այդ պայմաններում չի դիմանա», -եզրափակել է Խանդոյանի կինը :
Այս նյութը դիտել են - 22371 անգամ