Հիշու՞մ եք դեպքը: Մեկը սուպերմարկետից կոնֆետ թե թխվածք էր գողացել: Բռնեցին, հանձնեցին ոստիկաններին, արարքը որակվեց գողություն, մարդուն դատեցին: Կարծես թե անսխալ ոչինչ չկար: Այդպես էլ պիտի լիներ:
Իսկ հիմա տեսնենք մեր ատոմակայանի դեպքը: Ատոմակայանից 783 մլն դրամի հափշտակություն էր բացահայտվել: Մեղավորները նույնպես հայտնի էին: Այդ մասին հատուկ հաղորդում եղավ. «Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մ. Մովսիսյանը և վերանորոգման, նախապատրաստման Ու կարգավորման բաժնի պետ, գնումների գործընթացի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Է. Ղազարյանը կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն՝ պետությանը պատճառելով 783 միլիոն 586 հազար դրամի չափով վնասը»:
Հիմա մտածում եք՝ կոնֆետի համեմատ սրանց թալանի ծավալները հաշվի առնելով այս խոշոր գողերը առնվազն մինչև կյանքի վերջ փակի տակ պիտի մնան: Բայց այդպես դուք եք մտածում: Իսկ ահա մեր իրավական համակարգն այլ հայացքով է հարցին մոտեցել: Գործով նախաքննությունն ավարտելուց հետո գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այստեղ էլ արձանագրել են՝ վնասը ամբողջությամբ հատուցված է: Բոլոր մեղադրյալները ստորագրությամբ ազատ են արձակվել:
Հրաշալի, երջանիկ հանգուցալուծում:
Ամեն ինչ իր տեղում է, մեղավորներ չկան:
Այն մարդն էլ եթե ժամանակին մի կոնֆետ վերցներ ու դներ տեղը, դարձյալ անմեղ կհռչակվեր: Եվ ընդհանրապես, սրանից հետո մոտեցումն այդպես է լինելու. կարող եք ազատ, անկաշկանդ թալանել: Եթե հանկարծ, աստված մի արասցե, բռնվեք, գողոնն անմիջապես վերադարձրեք և ձեզ ազատ կարձակեն: Ատոմակայանի միլիոնները՝ վկա: