Ղարաբաղը շահագրգռված է, որ Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել ու կործանել Հայաստանը
2016-07-24 11:08:00

Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի առաքելությունը Հայաստանում ամենևին չի բխում ՀՀ քաղաքական պայքարի մարտիկների շահերից, այն Սերժ Սարգսյանի առջև ծառայություն մատուցելու անընդունելի և տաքուկ քայլ էր, ինչը շատերին դուր չեկավ, ու լայն մասսաները արմատապես փոխեցին իրենց կարծիքը այդ հերոս գեներալի մասին:

USArmenianews.com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը:
Պրոֆեսորն ընդգծել է` երբ մարդն ունի տիտղոս, հեղինակություն և դրանք դրսևորվում են ինչ-որ բառակապակցություններով, կոնկրետ Վիտալի Բալասանյանի դեպքում` Արցախի հերոս գեներալ, այդպիսի տիտղոսի առջև պետք է պատասխանատու լինի կրողը:
« Քանի որ մեր ժամանակներում հերոս գեներալները այդքան շատ չեն, իսկ ժողովուրդը ակնածանքով է վերաբերվում նման անձանց և ում անվան շուրջ հատկապես հերոս գեներալն է`պետք է չափազանց զգույշ վերաբերվել այդ տիտղոսին», -ասել է մեր զրուցակիցը:
Նա նշել է, որ քառօրյա պատերազմի օրերին` հեռվից-հեռու, ինչ-որ չափով ճանաչել է Վ. Բալասանյանին և իրականում հարգանքի մեծ զգացողություն է տածել նրա հանդեպ, բայց զարմանալիորեն հարգանքը հօդս է ցնդել, երբ հեռուստատեսությամբ լսել է` ինչպես է հերոս գեներալը կեղծում փաստերը:
« Զուգահեռ հեռուստատեսությամբ ցույց էին տալիս` ինչպես է մամլո ասուլիսի ժամանակ նա ներկայացնում իր և Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման արդյունքները, ասելով, որ նրանք այլևս չեն դնում Ս.Սարգսյանի հրաժարականի պահանջը, երբ Էրեբունու հրապարակից հակառակ մեկնաբանություններ էին հնչում, թե նման խոսակցություն չի եղել: Արժե հիշել Սարգսյանի խոսքերը. «Մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին և պատասխանատու օրեր: Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք»:
Արդյո՞ք հենց Սարգսյանը դասեր քաղելու կարիք չունի և կրկին շարունակում է կեղծել իրականությունը: Եվ չգիտես`ինչու, բոլոր հեռուստաընկերությունները, խոսքները մեկ արած, ակտիվորեն լծվել էին հասարակության ուղեղների լվացման գործին` կրկնելով Բալասանյանի նույն պնդումը, թե նման պահանջ չկա: Կարծես թե այսօր ամենակարևորը Սարգսյանի հրաժարականի հարցն էր. նրանով սկսվում է հայոց պատմությունը և պետք է նրանով էլ ավարտվի: Այդ պահանջը կարծես թե ուշացած է այն առումով, որ ՀՀ-ը արդեն վաղուց նախագահ չունի», -ասել է ՀԱԿ վարչության անդամը:
Վերջինս ընդգծել է` Սարգսյանը հրաժարական է տվել այն ժամանակ, երբ սկսվեց քառօրյա պատերազմը, երբ շուրջ հարյուր անմեղ տղաներ զոհվեցին բահերով զինված պատերազմում:
«Այսօր կա մեկը, ով դեռևս իներցիայով նստած է այդ աթոռին. նա պարտվել է և հայ ժողովրդին, և արտաքին քաղաքականության մեջ, իսկ ավելի շատ` Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, իսկ պարտված մարդն այլևս չի կարող մնալ մի աթոռի, որը չի համապատասխանում նրա գործառույթներին», -ասել է պրոֆեսորը:
Թադևոսյանը շեշտել է, որ չափազանց վատ տպավորություն է ստացել Բալասանյանի ասուլիսի հատկապես այն հատվածից, երբ վերջինս արտահայտել է իր դիրքորոշումն այն մասին, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան :
«Զարմանալի է, երբ լրագրողները հարցնում են` Հայաստանում քաղբանտարկյալներ չկա՞ն, ապշում է`ինչպե՞ս թե, ես այդպիսի բան եմ ասե՞լ: Հետո արդեն կրկնում է` այո, չկան: Նման մոտեցումն անընդունելի ու սխալ էր, թե ինչո՞ւ նա կարող էր իրականում միայն իրենց քաղաքական հայացքների համար ձերբակալված ընկերներին քաղբանտարկյալներ չհամարել , ընդ որում` շատ հուզված ու կոշտ տոնով: Մինչդեռ պետք չէ ոչ իրավաբան, ոչ քաղաքագետ լինել կամ միջազգային նորմերն իմանալ` բնորոշելու համար` քաղբանտարկյալ են նրանք, թե՞ ոչ: Համենայն դեպս, եթե նույնիսկ նա վստահ է, որ քաղբանտարկյալներ չկան, պետք էր գոնե վերապահումով մոտենալ այդ հարցին, ոչ թե այդքան կատեգորիկ», -ասել է մեր զրուցակիցը:
Նա նաև հավելել է, թե Բալասանյանն իր քայլերով հաստատեց `Ղարաբաղը շահագրգռված է, որ Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել ու կործանել Հայաստանը:
« Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ղարաբաղցի ցանկացած մունետիկ անելու է հնարավոր ամեն ինչ, որ Սերժը թե՛ բարոյապես, թ՛ե ֆիզիկապես, թե՛ ազգային անվտանգության ու ցանկացած առումով իրականացնի իր կործանարար ծրագիրը», -եզրափակել է Թադևոսյանը USArmenianews.com-ին տված հարցազրույցում:
Այս նյութը դիտել են - 6214 անգամ