Այսօր հայության պահանջ-հրամայականն է՝հեռացի՛ր,տխրահռչա՛կ
2016-07-24 23:40:00
Ե՞րբ է գալու ժամանակը,որ առավոտյան դողացող ձեռքով չբացենք լրատվական էջերը,որ նվաղող սրտով չկարդանք հերթական ողբերգության,մահի,կորուստի մասին:

Մեր ազգի հավաքական ճակատագիրն անհատականացել ու կրծում է բոլորիս սրտերը:Ե՞րբ է գալու այն օրը,որ facebook կոչվող տարածքում մենք էլ մնացածի պես ուղղակի շփվենք,միմյանց լավ լուրեր հայտնենք,բանաստեղծիս ասած՝պարզապես սիրող,ապրող մարդ լինենք:
Ի մի եմ բերում լավատեսությանս մնացորդները և հավատում եմ այդ օրվա գալուն,իսկ մինչ այդ...
Մինչ այդ հայոց հողում,օդում,ջրում անսանձ վխտում է չարիքի իշխանությունը:
Մահաբեր ապրիլի կսկիծը չմարած՝եկավ հողերը հանձնելու բոթը:Ստեղծված իրավիճակում պետք էին հատուկ մարդիկ ու հատուկ ծրագիր.«Սասնա ծռեր»-ը այդ հատուկ հերոսներն են,որոնց գործելաձևը բռնապետության թելադրանքն է:
Սկզբում տարամերժ էին կարծիքները,կատարված քայլն այնքան համարձակ էր,որ չէր տեղավորվում մարդկանց ուղեղում,շատերն էլ այդպես էլ չընդունեցին հանուն ազատության պայքարի այս յուրահատուկ ձևը,որովհետև նրանց համար մահ իմացեալ-ը միայն գիր է ու խոսք,բայց ոչ երբեք գործ:

Իմ քաջ հայրենակիցներ,հպարտանում եմ ձեզանով:Օտար կրթությամբ իմ զավակներին մեկ անգամ չէ,որ պատմել եմ «Սասնա ծռեր» էպոսը,այսուհետ պատմական հերոսների ցանկում ընդգրկելու եմ ձեր անունները:
Շնորհակալ եմ ձեզ մեր ինքնագնահատականը բարձրացնելու համար,աջակից եմ ձեր բոլոր պահանջներին.բռնակալի տապալումը հատիկ առ հատիկ յուրաքանչյուր հայի պահանջն է:
Տա Աստված,որ ժողովուրդը հասնի իր ուզածին,իսկ եթե ո՞չ.ուզում եմ հասկանալ,ինչպե՞ս է երկրի ղեկին կառչած մնալու մի մարդ,որ վայելում է համատարած ատելություն որը չընտրված է,չհարգված,չսիրված,որին յուրաքանչյուր աստծո օր անիծում են հազարավոր բերաններ,ուզում եմ,բայց չեմ հասկանում:

Այսօր հայության պահանջ-հրամայականն է՝հեռացի՛ր,տխրահռչա՛կ,քո անփառունակ ներկան ավարտիր գոնե մեկ լավ բանով՝կանխի՛ր հետագա եղբայրասպանությունը,մեղք է քո սերունդը,ինչու՞ ես ուզում ունենալ դավաճանի խարանն ու սերունդների նզովքը.հեռացի՛ր, տխրահռչա՛կ:
Երանուհի Մարտիրոսյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 8137 անգամ