Կար ժամանակ, երբ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը իր շքախմբի հետ ուրախ-զվարթ քայլում էր մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում, նույնիսկ վարսավիրանոցներ ու կոշկակարանոցներ էր մտնում և բոլորին անխտիր բարևում էր:
Հիմա նա Էրեբունի չի գնում: Իսկ բարևել ընդհանրապես չարժե, որովհետև եթե ձեռքն առաջ պարզեց, ապա մեծ է հավանականությունը, որ այն կջարդեն: Րաֆֆին էլ տարիքն առած մարդ է, այդ հասակում կոտրվածքները ծանր են տանում, դրա համար էլ նա հիմա Էրեբունի է գործուղել իր հավատարիմ զինակցին՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին: Սա ջահել է ու ապարանցի, կդիմանա ցավերին:
Խորենացու փողոցում ամեն օր գումարվող հանրային հավաքներին Մարտիրոսյանն աշխատում է կանգնել հնարավորինս հեռու, որ իբրև թե կա, բայց իրականում չկա: Սակայն նա լսում է, թե ինչպես է ժամանակ առ ժամանակ հնչում հարցը. «Ո՞ւր է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ պիտի բադասխան բահանջեր»: Իսկ եթե նույն հարցն ուղղակիորեն են հնչեցնում, ստիպված պատասխանում է այսպես. «Իրեն կտեսնեք՝ էդ հարցը կտաք, կպատասխանի»:
Տպավորությունն այնպիսին է, որ Մարտիրոսյանն էլ չի տեսել անտեսանելի մարդ Րաֆֆիին, սակայն Խորենացի փողոց է եկել խոսելու մի մարդու անունից, որը փաստացի աննյութականացել է: Ու միակ բանը, որ դեռ հույսեր է ներշնչում, թե փախստականը կվերադառնա ու կկանգնի մարդկանց առաջ, Արմեն Մարտիրոսյանի լավատեսական պնդումներն են. «Մոտ ժամանակներում ինքը կխոսի, կպատասխանի հարցերին»:
Մոտ ժամանակներս: Այսինքն, այն ժամանակ, երբ այս թնջուկը կլուծվի ու Էրեբունիում կրկին հնար կլինի մտնել անվտանգ վարսավիրանոցներ: