ՊՊԾ գունդը գրաված ազատամարտիկի եղբայրը չի ընդունում մեղադրանքը
2016-07-26 03:28:00

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականունով Արայիկ Խանդոյանի եղբայրը, ազատամարտիկ Արարատ Խանդոյանի կալանքի ժամկետը այսօր կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում:

Մինչ այդ պաշտպան Արա  Ղարագյոզյանը տեսակցել է  Արարատ Խանդոյանի  հետ:

«Խնդրեց լրագրողներին փոխանցեմ, որ իրեն կալանքի տակ են պահում իր հայացքների եւ եղբոր արարքի համար»,- «Ա1+»-ին ասաց պաշտպանը:

Արարատ Խանդոյանը մեղադրվում է Խորենացի փողոցում  զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Արա Ղարագյոզյանի խոսքերով՝ ինքը որեւէ մեկին չի հարվածել, այլ ընդհակառակը՝ քաղաքացիներին հորդորել  է, որ հանգստանան: Իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը:

Արարատ Խանդոյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նրան  անհրաժեշտ դեղորայքով չեն ապահովում:

Ազատամարտիկը ձերբակալվել է հուլիսի 21-ին:

Այս նյութը դիտել են - 8455 անգամ