«ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գույքի ոչնչացումը: Հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ», - տեղեկացնում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ այսօր հրապարակած հաղորդագրությամբ:
«Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսևորել ողջամիտ զսպվածություն: Ուստի, նոր հանցանքների կատարումը կանխելու և խափանելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ», - նաև ասված է հաղորդագրությունում:
ԱԱԾ-ն նշում է, որ լավատեղյակ է «հանցավոր խմբի անդամների մտադրություններին և նախապատրաստած հանցավոր արարքներին» և զգուշացնում է, որ «մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով»:
Հաղորդագրությանը կից նաև ներկայացվում է ձայնագրություն, որը ԱԱԾ-ի պնդմամբ, հիմնավորում է «զինված խմբի անդամների գործողությունների նախահարձակ և սադրիչ բնույթը»: Ձայնագրությունում ենթադրաբար զինված խմբի անդամների խոսակցությունն է երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որի հետևանքով, հիշեցնենք, վիրավորվել էին զինված խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը:
Այս նյութը դիտել են - 4105 անգամ