Քանի դեռ բոլորի գլուխը խառն է ահաբեկիչների պատմությամբ, երկրի Կենտրոնական բանկը որոշել է հարմար առիթն օգտագործել ու մարդկանց կանգնեցնել կատարված փաստի առաջ: Ու որպեսզի եղածը փոքր-ինչ կենցաղային ու հոգեհարազատ հնչեղություն ձեռք բերի, Ջավադյանի ֆինանսական օպերացիան կոչվել է «Արուս»:
Մեր մեջ ասած, սա էլ ոչ մի բանով չի տարբերվում ահաբեկչական գործողությունից: Բանն այն է, որ ԿԲ-ն որոշում է կայացրել ստեղծել դրամական փոխանցումների հայկական միասնական համակարգ՝ «ԱՐՈՒՍ» անվամբ: Ջավադյանի հիմնարկը հավաստիացնում է, թե իբր սա արվում է ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը ամրապնդելու նպատակով: Մինչդեռ անզեն աչքով էլ տեսանելի է, որ գործի է դրվում մի մեխանիզմ, որի հիմնական գործառույթը պետք է լինի արտերկրից, մասնավորապես՝ ՌԴ-ից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների վերահսկողությունը մի կենտրոնի կողմից:
Ի դեպ, շտապենք ասել, որ արդեն իսկ հնչել են բազում դժգոհություններ, իսկ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը այս մասին իր հրապարակման մեջ նշել է, որ նմանատիպ համակարգը կարող է սահմանափակել մրցակցությունը շուկայում. դրա ներդրման դեպքում սակագները և վճարման ժամկետները վերահսկվելու են մեկ համակարգի միջոցով։ Շտապենք նաև ասել, որ այսպիսի բան չկա աշխարհի գրեթե ոչ մի՝ քիչ թե շատ ազատ երկրում: Բայց մի՞թե այդ բացառիկությունը կարող է անհանգստացնել Ջավադյանին ու նրա գործընկերներին:
Կա հստակ նպատակ և այդ նպատակը հետևյալն է. ամբողջական վերահսկողություն սահմանել բոլոր կարգի դրամական տեղաշարժերի նկատմամբ, դրա հետ մեկտեղ հարկել այն գումարները, որոնք բանկային համակարգի միջոցով փոխանցվում են Հայաստան: Արդյունքում և գրպանները լիքը կլինեն, և դրսից եկող հնարավոր ֆինանսական «ներխուժումները» կկարողանան ժամանակին չեզոքացնել: Դաշտը պիտի լինի միայն իրենցը: Եվ այդ հարցում նրանց կօգնի Արուսը: