Օսկան Քոչարյան
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը մի զայրալից զեկույց է հրապարակել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի անունից կամ գրասենյակի մասին՝ ներկայացնելով վերջինիս ջանքերը Հայաստանում ոստիկանական համակարգը վերափոխելու ուղղությամբ:
Համաձայն զեկույցի` պարզվում է, որ արդեն 13 տարի բարեհամբույր Եվրոպան ներգրավված է ոստիկանության բարեփոխումներում և, մասնավորապես, 2008 թվականից, երբ նրա աջակցությունն ուղղվեց հավաքների ընթացքում հասարակական կարգի պահպանության խնդրին:
Մի կողմից՝ ԵԱՀԿ-ն էր ձևավորում հայ ոստիկանի նորագույն կերպարը, մյուս կողմից՝ Վովա Գասպարյանն էր հրեշտակային հատկանիշներ հաղորդում նրան: Բայց արի ու տես, որ որքան նախանձախնդիր գտնվեցին նրանք, հավասարապես հայ ժողովուրդն ականատես դարձավ ոստիկանների աստիճանաբար ահագնացող ագրեսիվ ու ապօրինի պահվածքին:
«Այս ընթացքում հարյուր հազարավոր քաղաքացիներ զրկվել են խաղաղ հավաքների՝ իրենց իրավունքի իրացման հնարավորությունից, իսկ հարյուրավորներն ապօրինի կալանավորվել են և ենթարկվել ֆիզիկական բռնությունների»,- ասվում է նույն զեկույցի մեջ՝ պատմությունը բերելով-հասցնելով մինչև 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղակայված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա իրականացված զինված հարձակումը: Եվ հենց այստեղ էլ պարզվում է, որ գրոհին հաջորդող իրադարձությունների ժամանակ ոստիկանական զորքերի բռնությունները հասան իրենց գագաթնակետին՝ հիշեցնելով 2008 թ. մարտի 1-ին ոստիկանական ուժերի կողմից իրականացված օպերացիան:
ԵԱՀԿ-ն, իհարկե, շարունակում է մնալ իր բարձրության վրա, բարեփոխումները ոչ մի վայրկյան չեն դադարել, միայն թե արդյունքները, չգիտես ինչու, ոչ մի գնով գոհացուցիչ չես համարի: Ստացվում է այնպես, որ կարծես եվրոպացիները միտումնաբար ամեն բան անում են, որ օրենքի պահապանները Հայաստանում վերածվեն մի հսկա պատժիչ կառույցի, «որը զենք է կիրառում անզեն քաղաքացիների դեմ՝ պաշտպանելով իշխանություններին ու նրանց քաղաքական կամ տնտեսական շահերը, կատարելով նրանց ապօրինի հրամանները և տապալելով ժողովրդավարական գործընթացները»:
Իսկ եթե քաղվածք կատարենք վերոնշյալ զեկույցից, ապա ԵԱՀԿ օժանդակությամբ «ոստիկանության ծառայողների ապօրինություններն ու դրանց անպատժելիությունը Հայաստանը վերածել են «ոստիկանապետության»՝ այն աստիճանի, որ վերջին օրերին պետական բոլոր ինստիտուտների լռության ֆոնին՝ ՀՀ ոստիկանությունը, կարծես, հանդիսանում էր միակ գործող ինստիտուտը, որին հանձնված էր բոլոր հարցերն «իր ձևով» լուծելու լիազորությունը»:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի զեկույցի ամենահատկանշական հատվածը վերջաբանն է, որ կարծես քաղված է ինչ-որ մի դասական հեղինակի գրչի տակից դուրս եկած ողբերգությունից: Այնտեղ սրտի խորը կսկիծով գրված է. «Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ Հայաստանում ոստիկանական համակարգի բարեփոխմանն ուղղված ԵԱՀԿ, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների կողմից գործադրված ջանքերը ձախողվել են»:
Հետաքրքիր պատկեր է ստացվում: Այսինքն, ձախողվել են օտարերկրյա կառույցների ջանքերը, այլ ոչ թե Հայաստանի ոստիկանության համակարգի: Մերոնք ամեն ինչ հրաշալի էին անում, բայց եկավ ԵԱՀԿ-ն իր դուստր ձեռնարկությունների հետ ու ամեն ինչ փոշիացրեց: Հիմա ի՞նչ է պետք անել: Շատ պարզ մի բան: Օտարներին հեռացնում ենք, ներսում մերոնք անմիջապես համակարգը դարձնում են հրեշտակային ու աստվածային:
Եվ արի ու տես, որ հակակոռուպցիոն կենտրոնն էլ հենց նույն բանն է ասում. «Այս համատեքստում պահանջում ենք ժամանակավորապես դադարեցնել ոստիկանության ոլորտին հատկացվող ողջ միջազգային աջակցությունը, քանի դեռ լրջորեն չի վերանայվել ոստիկանության դերը Հայաստանի կառավարման համակարգում»,- գրված է զեկույցում:
Գլխավոր մեղավորները գտնվեցին: Ափսոս միայն, որ փողը կպակասի: