Ես չեմ ուզում, որ իմ երեխաներն ապրեն այս Հայաստանում
2016-07-27 09:33:00

«Ազատության» ուղիղ եթերն է։ Հիմնականում ՀՀ ոստիկաններ եմ տեսնում և հատուկենտ քաղաքացիներ՝ տատիկ-պապիկներ, ջահել աղջիկներ, տղաներ, որոնց փողոցում որսում ու տանում են... Շենքի վերևի հարկից մի տարեց կին ներքևում կանգնած ոստիկաններին հարցրել է՝ «Ուզում եմ խանութից հաց գնել, որ իջնեմ, ինձ է՞լ եք տանելու»։ Իսկ մինչ այդ սփյուռքահայ մի տարեց կնոջ տարան։ Հետո Ատոմ Էգոյանի կնոջը՝ դերասանուհի Արսինե Խանջյանին էին փորձում տանել։ Ոստիկանական համազգեստ հագածների մեջ կան նաև ջահել աղջիկներ, որոնց գործողությունները ոչնչով չեն տարբերվում հակառակ սեռի համազգեստավորներից։
Եվ ես ակամայից հիշում եմ մանկությանս տարիները, երբ կինոթատրոնում երկրորդ համաշխարհայինի մասին ֆիլմեր էինք դիտում, որտեղ ֆաշիստները կանանց, երեխաներին, ծերերին քշած տանում էին, լցնում էին վագոնները և տանում խոշտանգելու, սպանելու։ Այդ պահերին բոլոր երեխաներս մտածում էինք, որ եթե մեր ձեռքին ավտոմատ լիներ, այդ բոլոր չար մարդկանց, այդ ֆաշիստներին կհնձեինք, կսատկացնեինք։ Երեխաներ էինք, ու այդ ամենը անցած-գնացած ու հեռավոր բաներ էին թվում։ Այդ տարիներին ամենևին չէինք մտածում, որ այդ ամենը կարող է իրականություն դառնալ։
Մենք գրեթե նույն մղձավանջը տեսանք սաֆոնովյան տարիներին՝ իրական կյանքում, երբ մարդկանց որսում և ուղարկում էին Բաքու կամ ազերական այլ քաղաքներ։ Բայց ոչ ֆաշիստները, ոչ սաֆոնովականները հայեր չէին։ Ու երբ սաֆոնովների ու նրանց բարեկամ ազերիների ոտքը կտրեցինք մեր հողից, մտածում էինք, որ արդեն եկել է մեր պատմության այն երջանիկ պահը, երբ ազգովի հզոր ու երջանիկ երկիր ենք կառուցելու...
Երազներով շատ տարվեցի։ Այսօր մանկության կինոնկարներից ինձ հայտնի այդ ֆաշիստներին, հետո իրականություն դարձած սաֆոնովականներին տեսա ՀՀ ոստիկանական համազգեստով և մտածեցի, որ եթե իմ ձեռքին...
Ես արդեն սկսում եմ ատել այս Հայաստանը, ես արդեն սկսում եմ զզվել այս Հայաստանից։ Ես արդեն ամաչում եմ, որ ես հայ եմ, ու սրանք, այս ստորակարգ կենդանիները չգիտեմ ո՞ր շանորդու և բնության ո՞ր անիծյալ օրենքի համաձայն համարվում են իմ հայրենակիցները։
Մեր երեխաները, մեր թոռները սրանց այս երկրո՞ւմ պիտի ապրեն։ Ես չեմ ուզում, որ իմ երեխաներն ապրեն այս Հայաստանում։

Վարդգես Օվյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 4788 անգամ