Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը անմասն չի մնում Էրեբունիում այս օրերին տեղի ունեցող հավաքներից: Նա եւս երեկ տեղի ունեցած երթի մասնակիցներից էր, եւ իրեն հատուկ ոճով մերթ ընդ մերթ «բշտում» էր երթի անբաժան մասնակիցներին՝ ոստիկաններին, ընդհուպ նրանց անվանելով «կազյոլ»:
Երգահանը նաեւ փորձում էր ճշտել, թե նրանք՝ ոստիկանները, ժողովրդի՞ «յանից» են, թե՞ Սերժիկի, սակայն նրա հարցումը այդպես էլ պատասխանի չարժանացավ:
Քիչ առաջ մենք զրուցեցինք պարոն Հախվերդյանի հետ, ով հիվանդանոցում էր ու ինչպես ինքը հավաստիացրեց՝ պրոցեդուրաներ է ընդունում, քանի որ առողջական խնդիրներ ունի: Նա խնդրեց հակիրճ խոսել ու մեր հարցերին հակիրճ պատասխաններ տվեց:
-Պարոն Հախվերդյան, ՊՊԾ գնդի գրավումը ի՞նչ հանգուցալուծում կունենա, եթե նկատի ունենանք, որ երեկ ոստիկանները կրակել են գունդը գրաված կենտրոնական դեմքերից մեկի՝ Պավլիկ Մանուկյանի եւ նրա որդու վրա:
-էդ հարցը տվեք Վանգային, նրան ա պետք այդ հարցը տալ:
-Վանգան վաղուց ողջ չի, այն աշխարհում է, պարոն Հախվերդյան:
-Դե մի հատ ուրիշ Վանգա գտեք, ես ի~նչ իմանամ, թե ինչ ավարտ կունենա: Ես այդ իշխանությունից ամեն ինչ էլ սպասում եմ:
-Այսինքն, կարելի՞ է ենթադրել, որ եթե իշխանությունը սկսել է կրակել, ուրեմն դա շարունակական կլինի եւ գործընթացը զենքի ուժով հանգուցալուծում կստանա:
-Դուք ինձ ասում եք, թե ես ինչ պիտի ասե՞մ: Եթե ասում եմ ամեն ինչ, դա նշանակում է՝ դրա մեջ մտնում է ամեն ինչ: Ամե~ն ինչ:
-Այդ դեպքում ժողովրդի անելիքը այդ ամեն ինչի դեմ ի՞նչը պիտի լինի:
-Չգիտեմ, բայց ես միշտ գնում եմ եւ մասնակցում եմ Խորենացի փողոցում տեղի ունեցող հավաքներին:
-Այսուհետ եւս շարունակելու եք գնալ ու մասնակցե՞լ՝ հաշվի առնելով, որ իշխանությունը պատրաստ է ամեն ինչի:
-Իհարկե, անշուշտ, աչքի առաջ ունենալով ամեն ինչ:
-Իսկ հնարավո՞ր է, որ ինչ որ պահի նաեւ Դուք առաջնորդեք ժողովրդին:
-Ինձնից առաջնորդ դուրս չի գա: Ես չգիտեմ, կխորհրդակցեմ Մարտիրոսյան Արմենի հետ, երբ գնամ այնտեղ:
-Իսկ ի՞նչ կոչ կհղեք ժողովրդին:
-Գիտեք ինչ, մենք ունենք խաղամոլ պրեզիդենտ, իմ կարծիքով՝ թմրամոլ ոստիկանապետ, նողկալի խորհրդարան, ու այս պայմաններում ես չեմ կարողանում աշխատել: Եթե բոլոր խորհրդարանականներին, չհաշված մի 5-10 մարդու, մնացած բոլորը զրոներ են, ինչ կարող ես անել: Զրոյին գումարում ես զրո, դառնում է զրո: Այսօր ես մի զրոյից խոսեմ՝ Գալուստ Սահակյանից: Նրա նման զրոներին եթե գումարես իրար, ի՞նչ կստացվի, զրոյից զրո:
-Եւ հետեւապես ժողովրդին ուղղված ձեր խոսքը ո՞րն է, որը կոգեւորեր: -Ես չեմ կարողանում այդպես բաներ անել, չեմ կարողանում ոգեւորել:
-Իսկ գուցե երգ գրեք, երգով ոգեւորեք:
-Ի գիտություն ասեմ, որ ես վաղուց երգ չեմ գրում:
-Գուցե ներշնչվեք տեղի ունեցող պայքարից, նյութ քաղեք առկա իրավիճակից:
-Երգը տենց չի գրվում, աղջիկ ջան, անիմաստ բաներ ես ասում: Երգը ինչ որ բանի մասին չի կարող լինել, ինքն իրան գալիս ա, դու իրան գտնում ես: Ես ոչ մի անգամ ներշնչված երգ չեմ գրել: Երգը ինձ համար մաթեմատիկական հաշվարկ է՝ բառին գումարում ես էս, դառնում ա նախադասություն, որը մտնում ա համապատասխան մեղեդիի մեջ ու դառնում ա երգ: Ու սկզբից դու չգիտես ինչի մասին ա երգը, վերջում նոր պարզվում ա: Համոզի՞չ էր խոսքս:
-Գուցե: Փաստորեն, Գալուստ Սահակյանի, ոստիկանապետի եւ մյուսների կերպարը չի կարող որեւէ ստեղծագործության նյութ դառնալ, ներշնչել:
-Չ~է, չէ~, իհարկե, ոնց որ աղբի մասին բան գրես: Ցտեսություն:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Այս նյութը դիտել են - 3315 անգամ